Մատչելիության հղումներ

Բրիտանական ընկերությունը ստանձնեց «Նաիրիտ»-ի կառավարումը


Ներկայումս կանգնած ու բազմամիլիոն պարտքերի տակ կքած, Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի առաջատար՝ «Նաիրիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր կառավարումը այսօր պաշտոնապես ստանձնեց բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը: «Նաիրիտ»-ի նորանշանակ կառավարիչ Անիլ Կումարը բանվորների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե 30-օրյա նախապատրաստական աշխատանքներից հետո ձեռնարկությունը կվերագործարկվի։

«Ռանսաթ»-ը «Նաիրիտ»-ի զարգացման մեջ 3-4 տարվա ընթացքում մտադիր է ներդնել 25 միլիոն դոլար՝ կաուչուկի թողարկումը տասնապատկել ու հասցնել տարեկան 40 հազար տոննայի։

Երիտասարդ կառավարիչն ասաց նաեւ, թե գործարկումից հետո կարճ ժամանակահատվածում կմարվի «Նաիրիտ»-ի 2,5 հազարանոց կոլեկտիվին չվճարված 3-4 ամսվա աշխատավարձի գծով պարտքը։

Անիլ Կումարը բարձր կարծիք հայտնեց ձեռնարկության անձնակազմի մասնագետների ու բանվորների մասին եւ ասաց, թե ոչ մի մարդ չի ազատվելու աշխատանքից: Ընդհակառակը՝ հնարավոր է, որ հետագայում նրանց թիվն ավելանա:

Անիլ Կումարը ասաց, թե «Նաիրիտ»-ի հիմնական պարտատերերի մեծ մասի հետ արդեն համաձայնության են հասել, ու կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց։

35 միլիոն դոլար ընդհանուր պարտքից առաջին հերթին կմարվեն, այսպես կոչված, «կրիտիկական պարտքերը»՝ մոտ 10 միլիոն դոլարի չափով։ Դրանք մատակարարված գազի, էլեկտրաէներգիայի եւ գոլորշու դիմաց չվճարումներն են։

Այս ընթացքում պետք է լուծվի «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը «Ռանսաթ»-ին փոխանցելու խնդիրը։ Իսկ սա կապված է «Նաիրիտ»-ի հիմնական պարտատիրոջ՝ «Հայկապ» բանկի պարտքի հետ։

«Նաիրիտ»-ի պարտքը այս բանկին կազմում է ավելի քան 15 միլիոն դոլար։ Անիլ Կումարն ասում է, որ իրենց հեռագնա ծրագրի մեջ մտնում է նաեւ «Հայկապ» բանկի գնումը, դրա միավորումը այլ բանկերի հետ ու մեծածավալ ներդումների միջոցով այն հզոր բանկ դարձնելը: Եվրոպական բանկը «Ռանսաթ»-ին խոստացել է նման սցենարի դեպքում մասնակցել ներդրումային այդ ծրագրին:

«Հայաստանում նպատակահարմար է ոչ թե փոքր, այլ խոշոր ու հզոր բանկերի գոյությունը», - ասաց պարոն Կումարը։ «Հայկապ» բանկի պարտքի խնդրի լուծման դեպքում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 98 տոկոսը կանցնի «Ռանսաթ»-ին, մնացած 2 տոկոսը մտադրություն կա հանձնել կոլեկտիվին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG