Մատչելիության հղումներ

2002 թվականին ակնկալվում է օտարերկրյա ներդրումների ավելացում


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց Զարգացման հայկական գործակալությունում: Դրական գնահատելով գործակալության աշխատանքը, Հայաստանի նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի արձանագրված դրական գործընթացները զարգանան:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին անցյալ տարվա գործունեության արդյունքները եւ այս տարվա ծրագրերը։ Հրավիրվել էին նաեւ միջազգային ֆինանսական կառույցների տեղական ներկայացուցչությունների ղեկավարները: Բուն խորհրդակցությունը դռնփակ էր, իսկ ավարտին նախագահը մամուլի ներկայացուցիչներին հայտարարեց, թե Զարգացման հայկական գործակալությունը կայացել է.

« 2001 թվականի արդյունքներով այսօր միանաշանակ կարող ենք ասել, որ կայացած է», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը իր այսօրվա զեկույցում 2001-ի արդյունքների վերաբերյալ որոշ թվեր հրապարակեց: Այս կառույցի ծառայությունից անցյալ տարի օգտվել են 300 օտարերկրյա կազմակերպություններ, 250 տեղական գործարարներ խորհրդատվություն են ստացել դրսում գործընկերներ եւ վաճառքի շուկաներ գտնելու շուրջ։ Գործակալության շրջանակներում ստեղծվել է «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ», որից 33 բարձրտեխնոլոգիական ընկերություններ 863 հազար դոլարի ֆինանսական աջակցություն են ստացել։

Այդուհանդերձ, արտաքին ներդրումների տեսանկյունից 2001 թվականը շոշափելի արդյունքներ չբերեց. դրանք ավելի նվազ էին քան 2000-ին։ Ռոբերտ Քոչարյանի գնահատումներով, այս տարին այդ առումով, պետք է արգասաբեր լինի:

«2002 թվին բավական լուրջ տնտեսական աճ ունենալու ենք: Բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ հնարավորությունը Հայաստանը ունի», - ասաց Հայաստանի նախագահը: - «Իսկ ես ամեն ինչ կանեմ, որ քաղաքականությունը, նախընտրական տարի լինելու հանգամանքը չխանգարի այս բավականին դրական գործընթացներին»:

Զարգացման գործակալության աշխատանքի մեջ նախագահը կարեւորում է ոչ միայն արտաքին ներդրումներ բերելու, այլեւ դրսի շուկաներում Հայաստանում արտադրվածի շահաբեր վաճառահանման պայմանների ստեղծումը:

Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ, նախագահի հայացքով, դրական միտումները ակնհայտ են, հատկապես մրցակցության տեսանկյունից:

«Ներքին շուկայում նույնիսկ ամսից ամիս մրցակցությունը ավելի է լրջանում: Իսկ մրցակցությունը լավ երեւույթ է. եւ' որակը կլավանա, եւ' գինը կնվազի: Բայց աճ ունենալու համար պետք է Հայաստանի սահմաններից դուրս գա մեր արտադրանքը եւ դուրս գա մեծ ծավալներով»:

Արտաքին նեդրումներն եւ արտահանման ծավալներն ավելացնելու համար, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, հարկավոր է վերացնել նեդրումային միջավայրի խոչընդոտները՝ պետական քաղաքացիական ինստիտուտի ներդրմամբ սահմանափակել կոռուպցիան, ձեւավորել ներդրումների ապահովագրության եւ լիզինգային մեխանիզմներ, բարելավել օրենսդրությունը։

Զարգացման հայկական գործակալության ստեղծվել է 1998 թվականին, որից հետո այդ կառույցը կայացնելու ուղղությամբ հետեողական քայլեր են արվել: Գործակալությունն այսօր թե' ձեռնահաս կադրերով եւ թե' համապատասխան տեխնիկայով հագեցած միավոր է, որը Հայաստանում ներդումներ անել ցանկացող դրսի գործարարի համար կարող է այսպես ասած «միասնական պատուհան» ծառայել։

Միջազգային ֆինանսական կառույցներն էլ, մասնավորապես, Համաշխարհային բանկը, ըստ ամենայնի աջակցում են գործակալության կայացմանը։ Վերջերս որոշում է ընդունվել զարգացման հայկական գործակալությանը 1 միլիոն 300 հազար դոլարի չափով ինստիտուցիոնալ վարկ հատկացնել, նրա գործունեությունն աշխուժացնելու եւ արտաքին ներդումների գործը առաջ մղելու համար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG