Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները «շատ օգտակար» են գնահատում Քոչարյանի հետ վարած բանակցությունները



Ձախից աջ՝ Ֆիլիպ Դը Սյուրմեն, Ռուդոլֆ Պերինա եւ Նիկոլայ Գրիբկով:


Շաբաթ օրը Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական եւ «շատ օգտակար» գնահատեցին Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ վարած բանակցությունները: Միջազգային միջնորդների բերած «նոր գաղափարների» էությունը շարունակում է գաղտնի պահվել:

Մինսկի խմբի համանախագահներ Ռուդոլֆ Պերինան (ԱՄՆ), Ֆիլիպ Դը Սյուրմենը (Ֆրանսիա), Նիկոլայ Գրիբկովը (Ռուսաստան) եւ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը բանակցությունները վարեցին միայն Հայաստանի նախագահի նստավայրում: Այստեղ ուղիղ մեկ ժամ նրանք հանդիպում ունեցան նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«Ռոբերտ Քոչարյանի հետ շատ դրական հանդիպում ունեցանք: Այն շատ օգտակար էր մեր աշխատանք համար, եւ ես համաձայն եմ, որ դեռ որոշ աշխատանք պետք է տարվի», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

Բաքվից երեկ ստացված հաղորդագրությունների համեմատությամբ, միջնորդները Երեւանում ավելի ընդհանուր էին խոսում: Այդուհանդերձ, ամենամոտ ապագայում, ինչպես երեւում է, որոշակի կոնկրետացումներ սպասվում են:

«Մենք հույս ունենք, որ շուտով կկարողանանք ավելի կոնկրետ հայտարարություն անել, կամ ձեզ ավելի շատ տեղեկություններ տալ», - լրագրողներին ասաց Ռուդոլֆ Պերինան, ավելացնելով, որ դա կարվի մեկ շաբաթվա ընթացքում:

Այս այցից հետո համանախագահները մեկնելու են Վիեննա, ուր հանդիպում է անցկացվելու Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն՝ որեւէ կոնկրետ բան կարելի է ակնկալել այդ հանդիպումից հետո միայն, երբ միջնորդները Մինսկի խմբին կներկայացնեն տարածաշրջանային ներկա այցելության արդյունքները:

Ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը ասաց, որ Բաքվում եւ Երեւանում ուղենշել են որոշ հետագա քայլեր, որոնց մասին, ցավոք, չեն կարող ասել:

Կիրակի օրը միջնորդները մեկնելու են Ղարաբաղ: Ռուդոլֆ Պերինայի խոսքերով, Ստեփանակերտում քննարկելու են նոր գաղափարների հիմնական մոտեցումները:

Այն, որ համանախագահները տարածաշրջան են գալիս նոր գաղափարներով, գործնական առաջարկներով, նորություն չէր: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը դա միայն վերահաստատեց:

«Դրանք ոչ թե նոր առաջարկներ են, այլ նոր գաղափարներ, որոնք կարելի է մշակել, քննարկել, ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին, եւ հետո արդեն համաձայնեցված որոշումների հանգել», - հստակեցրեց ռուս դիվանագետը:

Նոր գաղափարների մասին ոչ մի խոսք, ակնարկ անգամ չարվեց: «Չի կարելի», - ասաց Նիկոլայ Գրիբկովը, ավելացնելով, թե պետք չէ ակնկալել «հեղափոխական, դրամատիկ» զարգացումներ:

Հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ինչպե՞ս են վերաբերում այդ նոր գաղափարներին, որքանո՞վ են դրանք ընդունելի համարում, համաձայնե՞լ են արդյոք քննարկել դրանք, Գրիբկովը պատասխանեց սոսկ, որ նախագահները «կառուցողական են տրամադրված»:

Ռուսաստանցի համանախագահը ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց լուրերը, թե միջնորդները Բաքվում առաջարկել են փոխել բանակցությունների ֆորմատը՝ մասնակից դարձնելով նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին: Նրա խոսքերով, կան հարցեր, որոնք կողմերի խնդրանքով միջնորդները պարտավոր են գաղտնի պահել:

Որեւէ պարզաբանում չտրվեց նաեւ Վյաչեսլավ Տրուբնիկովի այն հայտարարության կապակցությամբ, թե բանակցային գործնթացը մշտական դարձնելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են մշտական ներկայացուցիչներ նշանակել: Բաքվում նման առաջարկ եղել էր՝ նկատի ունենալով, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումները հազվադեպ են դարձել:

Այդպիսի ներկայացուցիչներ Հայաստանի նախկին նախագահի օրոք նշանակված էին: Հարցին, թե կրկին նման առաջարկի ասպարեզ գալը արդյո՞ք չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումները ցանկալի արդյունքը չտվեցին, խուսափեցին պատասխանել թե Ռուդոլֆ Պերինան եւ թե Նիկոլայ Գրիբկովը:

Անորոշ պատասխան տրվեց նաեւ ավանդական հարցին, թե միջնորդները հույս ունե՞ն այս տարվա ընթացքում հասնել հարցի կարգավորմանը: «Մենք միշտ հույս ունենք, որ դա որքան հնարավոր է շուտ լինի», - ասաց Ռուդոլֆ Պերինան:

Վաղը համանախագահները մեկնելու են Ստեփանակերտ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG