Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը մատուցեց իր «անակնկալը», կառավարության «անակնկալը» դեռ առջեւում է





Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերությունը մատուցեց իր երկար ժամանակ գովազդված անակնկալը՝ բջջային հեռախոսակապի քարտային ծառայությունը: Հայաստանի կառավարության «անակնկալը»՝ «ԱրմենՏել»-ի կողմից ներդրումային պարտավորությունների թերացումը ապացուցող փաստաթղթերը, ներկայումս ուսումնասիրվում է հանրապետության դատախազությունում:

«ԱրմենՏել»-ը այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց իր նոր՝ բջջային հեռախոսների քարտային ծառայությունը: Այն բացվում է 24 դոլարով. դրանով բաժանորդը հեռախոսահամարի հետ միասին 20 րոպե խոսելու իրավունք է ստանում: Վաճառքի են հանված 4 կարգի քարտեր՝ 10, 20, 40 եւ 80 րոպեանոց: Բայց «ԱրմենՏել»-ը քարտային րոպեները արդեն ոչ թե 100, այլ 250 դրամով է հաշվում:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Յորղուլասը ամփոփեց ընկերության 4 տարվա գործունեության արդյունքները: Ամենամեծ շահույթը, նրա խոսքերով, ընկերությունն ունեցել է 1998 թվականին՝ 18,5 միլիոն դոլար: Հետագա 2 տարիներին շահույթն ընկել է՝ 2000-ին կազմել է մոտ 7 միլիոն դոլար: 2001 թվականին ընկերության շահույթը նորից սկսել է աճել: Նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 2 միլիոն դոլար՝ հասնելով մոտ 9 միլիոն դոլարի:

2001 թվականի մարտին հունական «ՕՏԵ» ընկերության մասնաճյուղը հանդիսացող «ԱրմենՏել»-ի ներդրումային պարտավորությունների կատարումը ստուգելու նպատակով ստեղծված՝ Հայաստանի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկուցագրի հիմնական եզրակացությունը հետեւյալն էր. հայտարարված մոտ 127,5 միլիոն դոլարի դիմաց իրական ներդրումների ծավալը կազմել է մոտ 52 միլիոն դոլար:

Նյութերը ուղարկվել են դատախազություն: Ներդրումների չափերից զատ, ուսումնասիրվում են շինարարական աշխատանքների եւ սարքավորումների մատակարարման մրցույթների անցկացման պայմանները. այստեղ եւս չարաշահումներ են փնտրվում:

«Արդյոք կա՞ մի ընկերություն, որն այստեղ ինչ-որ մեկին դուր գա: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հունական ընկերությունները այստեղ ոչ մեկի դուրը չեն գալիս: Պատճառները չգիտեմ, բայց տպավորությունն այդպիսին է», - այս կապակցությամբ այսօր ասաց «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը, պնդելով, որ 2001 թվականի մարտի դրությամբ, «ԱրմենՏել»-ը 127 միլիոն դոլարի ներդրում է կատարել:

Հունական «ՕՏԵ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վասիլիս Մագլարասի խոսքերով, «ՕՏԵ»-ի համար հարցը փակված է: Հաշվարկը կատարել է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությունը, որը Մագլարասի ներկայացմամբ, աշխարհի ամենախոշոր աուդիտորական ընկերություններից մեկն է:

Ասուլիսի ժամանակ լրագրողներին բաժանված տեղեկանքում նշված է, որ անցած տարեվերջին ներդրումները կազմել են մոտ 143 միլիոն դոլար:

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկույցը դատախազությանը ներկայացնելը հետապնդում է «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու նպատակ: Այս կապակցությամբ «ՕՏԵ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մագլարասն ասաց, որ մենաշնորհ ստանալը Հայաստանի կառավարության հետ տարվող «խաղի կանոններից էր». եթե մենաշնորհ չտրվեր, ոչ մի ընկերություն 140 միլիոն չէր տա՝ կգնեին 20 միլիոնով:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG