Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի «հայանպաստ» գործունեությունից





Վաղը՝ մարտի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները հերթական այցելությամբ կժամանեն տարածաշրջան: Միջնորդները կլինեն Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում, ուր հանդիպումներ կունենան Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:

Քի Ուեսթի չշարունակված բանակցություններից հետո միջնորդները գնացին նոր փոփոխությունների, ու մինչեւ դրանք ներկայացնելը հարկ համարեցին նախազգուշական հայտարարություններ ուղղել հակամարտ կողմերին:

«Եթե մենք չօգտագործենք այդ հնարավորությունների պատուհանը, եւ պարզվի, որ հակամարտության կողմերը չեն ցանկանում դժվար ընտրություն կատարել, աշխարհը կկորցնի իր հետաքրքրությունը դրա նկատմամբ եւ կկենտրոնանա նոր առաջնահերթ խնդիրների վրա», - տարեսկզբին ասել էր Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Ամերիկացի դիվանագետը նաեւ ակնարկել էր, որ համաձայնության հասնելու դեպքում տարածաշրջանի զարգացման համար միջազգային հանրությունը շռայլ միջոցներ կհատկացնի:

2002-ի տարեսկզբին միջնորդները մեկ անգամ էլ հիշեցրին, որ հաջորդ՝ 2003 թվականը ընտրությունների տարի է թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում, եւ փոխզիջումների գնալը շատ ավելի դժվար կլինի: Ուրվագծելով բանակցային գործընթացում առկա իրավիճակը, դժվարություներն ու հեռանկարները, միջնորդները հայտարարեցին, որ տարածաշրջան են գալու նոր գաղափարներով: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դը Սյուրմենը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրենք շատ գործնական, կոնկրետ առաջարկներ ունեն:

«Հուսով ենք, որ կարող ենք համաձայնություն գտնել այդ մտահղացումների շուրջ», - հույս էր հայտնել ֆրանսիացի դիվանագետը:

Որքանո՞վ կարդարանան այդ հույսերը: Ինչպիսի՞ն են տրամադրությունները հակամարտ կողմերում այցի նախօրեին:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքու ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման այսօր հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի հետ, որը ըստ արժանվույն է գնահատել Մինսկի խմբի տասնամյա գործունեությունը, միաժամանակ փաստելով, որ միջնորդներին չի հաջողվել լուծել Ղարաբաղի հարցը: Գամայի եւ Ալիեւի առանձնազրույցը տեւել է մեկ ժամ, ինչից հետո Պորտուգալիայի արտգործնախարարը ասել է, որ հանդիպումն արդյունավետ էր, եւ ինքը դրա արդյունքների մասին կտեղեկացնի համանախագահներին, որոնք վաղը ժամանում են Բաքու:

Իր հերթին Ալիեւը հորդորել է ԵԱՀԿ գործող նախագահին բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Ղարաբաղի խնդիրը կարգավորվի 2002 թվականին:

Իսկ ահա Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գամայի հետ հանդիպման ընթացքում խիստ դժգոհություն է արտահայտել, թե 10 տարվա ընթացքում ԵԱՀԿ-ն կարող էր լուրջ արդյունքների հասնել:

«Ցավոք, որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել, եւ միջազգային հանրությունը աչք է փակել ադրբեջանական տարածքների բռնազավթման վրա», - ասել է Գուլիեւը: - «Հիմա նոր ողբերգություն է տեղի ունենում. միջազգային հանրությունը Ադրբեջանին կոչ է անում ընդունել առկա իրողությունը եւ Բաքվից լուրջ զիջումներ է պահանջում, մինչդեռ Հայաստանը կարծրացնում է իր դիրքորոշումը»:

Ադրբեջանի արտգործնախարարը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը քննադատել է երկակի ստանդարտներով գործելու համար: Նա ասել է, թե ԵԱՀԿ-ն միջոցներ է ձեռնարկում Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, սակայն Ադրբեջանի նկատմամբ նման քայլեր չի ձեռնարկում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, ԵԱՀԿ գործող նախագահը ասել է, որ բանակցությունների համար հիմք են կազմում Փարիզի եւ Քի Ուեսթի սկզբունքները: Ըստ «Թուրան» լրատվական գործակալության, Ժայմե Գաման խուսափողական պատասխան է տվել հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը մաս է կազմում Ադրբեջանին:

Լիսաբոն վերադառնալուց առաջ Բաքվի «Բինա» օդականավակայանում Պորտուգալիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Մինսկի խմբի աշխատանքն աշխուժացնելու համար: «ԵԱՀԿ-ն վճիռ կայացնող դատարան չէ, այլ միջնորդ», - ասել է Ժայմե Գաման:


Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պաշտպանում են այն տեսակետը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը բանակցությունների ամենահարմար ֆորմատն է: Համանախագահների այս այցելությունից առաջ հայկական կողմից հնչած ամենացայտուն արտահայտությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել:

Երեւանում Ժայմե Գամայի հետ հանդիպելուց հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ պահպանելու են Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Նրա խոսքերով, Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու փորձը կլինի դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհը:


Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG