Մատչելիության հղումներ

Խորհրդարանական կուսակցությունները քննադատում են լրագրողի նկատմամբ քրեական գործի հարուցումը


Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը բացասաբար են վերաբերում հերթական անգամ լրագրողի դեմ քրեական մեղադրանք հարուցելու փաստին:

«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ քրեական գործ է հարուցվել՝ այս անգամ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանին գրավոր վիրավորանք հասցնելու մեղադրանքով:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, բոլորովին անհրաժեշտ չէր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել:

«Ամեն դեպքում ես կողմնակից եմ, որ եւ' իշխանությունը, եւ' լրագրողները զուսպ լինեն: Եվ դեմ եմ, որ լրագրողի ասած խոսքը օրենսգրքերով քննարկվի», - «Ազատոթւյուն» ռադիոկայանին ասաց Սահակյանը:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որը 1999֊-ին Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության հայց ներկայացրել, այսօր կարծիք հայտնեց, որ նաեւ հիվանդ հասարակարգի խնդիր կա:

«Այդ մեղադրականը ոչ թե Նիկոլ Փաշինյան է վերաբերում: Մեղադրականը վերաբերում է հանրապետության նախագահին», - ասաց Գեղամյանը:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքով, «մամուլի հետ չի կարելի խոսել դատական մեթոդներով»:

«Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը լրագրողի հանդեպ քրեական գործ հարուցելու առիթով ասաց, որ իր վերաբերմունքը խիստ բացասական է:

«Այսօր միակ ուժը զանգվածային լրատվամիջոցներն են, որոնք կարող են զսպել երկրում տեղի ունեցող անարդարությունները», - ասաց նա, ավելացնելով, որ դեռ չկա ընդդիմությունը որպես անյպիսին, որը կարողանար «զգաստացնել մեր իշխանություններին, արդարադատության մարմիններին»:

«Այսօր կարծես թե այդ ֆունկցիան իրենց վրա են վերցրել զանգվածային լրատվամիջոցները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մյասնիկ Մալխասյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG