Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը վստահ է, որ Ղարաբաղը պահպանելու է անկախ կարգավիճակը





«Այսօր Լեռնային Ղարաբաղը անկախ է: Ես համոզված եմ, որ մենք պահպանելու ենք այս կարգավիճակը: Վստահ եմ, որ զոհերը անիմաստ չէին: Մենք հասել ենք ռազմական հաղթանակի, պայքարը շարունակվում է, եւ մենք պարտավոր ենք հաջողություններ ունենալ նաեւ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում», - այսօր ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը:

ԼՂՀ նախագահը համոզմունք հայտնեց, որ 2002 թվականին կարգավորման գործընթացում ավելի մեծ առաջընթաց է հնարավոր արձանագրել նախորդ տարվա համեմատ:

Հակամարատության կարգավորման առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը Արկադի Ղուկասյանը համարում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, միաժամանակ նշելով, թե գործընթացում տասնյակ շահեր են բախվում:

«Երբ խոսում եմ դրական քայլերի մասին, ես նկատի ունեմ առաջին հերթին, որ հնարավոր է Ադրբեջանը զբաղեցնի ավելի կոնստրուկտիվ դիրք», - ասաց ԼՂՀ նախագահը:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջերս հնչեցրած հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ԼՂՀ նախագահը ասաց. «Ես վստահ եմ, որ այսօր միջազգային հանրությունը, հզոր պետությունները, Մինսկի խմբի համանախագահողները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանից այդ խաղաղության հիմնական էլեմենտներից մեկն է: Չեն բացառվում լուրջ, ամուր կապեր Ադրբեջանի հետ՝ տնտեսական, գուցե քաղաքական»:

Իսկ եթե Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու փորձ արվի, ապա Արկադի Ղուկասյանի խոսքերով, դա ամենաուղիղ ճանապարհը կլինի դեպի պատերազմ: ԼՂՀ նախագահը վստահ է, որ տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ միջազգային հանրությունը կպաշտպանի Արցախի դիրքորոշումը: Խաղաղության ճանապարհը Ղարաբաղի անայլընտրանք անկախությունն է:

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է զիջել հայկական կողմը բանակցություններում, Արկադի Ղուկասյանն ասաց, թե մեր զիջումները կախված են Ադրբեջանի զիջումներից: «Աբստրակտ զիջումների մասին հնարավոր չէ խոսել», - ասաց նա: Ազատագրված տարածքներից որոշ զիջումներ կատարելը նույնպես ԼՂՀ նախագահը պայմանավորեց բանակցություններով:

Արկադի Ղուկասյան արձանագրեց, թե դժգոհ է բանակցային գործընթացում Ղարաբաղի ընդգրկվածության աստիճանից:

Պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հակամարտության կարգավորման վրա ամերիկացի զինվորականների տեղակայումը հարեւան Վրաստանում, Արկադի Ղուկասյանն ասաց, թե ինքը որեւէ կապ չի տեսնում Ղարաբաղյան խաղաղ կարգավորման եւ Վրաստանում ամերիկյան զինվորական ներկայության միջեւ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG