Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանում հավանության արժանացած բանաձեւը՝ Կովկասում Եվրամիության քաղաքականության վերաբերյալ


Փետրվարի 28-ին ընդունված բանաձեւում Եվրամիությունը (ԵՄ) կոչ է անում Թուրքիային՝ վերացնել Հայաստանի շրջափակումը: Նաեւ վերահաստատվում է 1987 թվականին ԵՄ-ի կողմից ընդունված 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դիրքորոշումը:

«Դա լուրջ քաղաքական փաստաթուղթ է, որը սահմանում է Եվրամիություն-Կովկաս համագործակցության հստակ շրջանակները», - ըստ Հայաստանի արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տարածած հաղորդագրության, նշել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Անշուշտ, մենք ողջունում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերահաստատումը Եվրամիության կողմից: Ամեն դեպքում, մենք ողջունում ենք այն փաստը, որ այս փաստաթուղթը ավելին է, քան պարզապես ցեղասպանության ճանաչումը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը: - «Եվրամիության հատուկ ուշադրությունը տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խրախուսելի է, եւ մենք հավանություն ենք տալիս զեկույցում ներկայացված իրենց առաջարկին՝ անցկացնել կոնֆերանս երեք կովկասյան պետությունների եւ ԵՄ-ի միջեւ, որի նպատակն է մշակել տարածաշրջանային համագործակցության ռազմավարությունը: Հայաստանը մշտապես քարոզել է տարածաշրջանային համագործակցության օգտին՝ որպես վիճելի քաղաքական խնդիրների լուծման համար առավել նպաստավոր միջավայրի ստեղծման գործիքի»:

Զեկույցի մեկ այլ հոդվածում, ԵՄ-ն ընդգծում է տարածաշրջանային լայն համագործակցության անհրաժեշտությունը՝ հավանություն տալով «վերջին շրջանում Թուրքիայի ընդգրկմանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրում նախատեսվող ճանապարհների ցանցում, ինչը թույլ կտա ԵՄ-ին նպաստել Հայաստանի տարածքով Անատոլիայի եւ Կովկասի միջեւ ենթակառուցվածքների բարելավմանը սահմանի բացումից հետո»:

Նախարարի խոսքերով, Հայաստանը ողջունում է նման համագործակցությունը:

«Մենք կարեւորում ենք ՏՐԱՍԵԿԱ-ի դերը եւ' տարածաշրջանային համագործակցության, եւ' տնտեսական զարգացման առումով, մենք ակնկալում ենք Թբիլիսիում տեղակայված ԵՄ-ի Բնապահպանական ծրագրի լիակատար իրագործումը: Եվ, վերջապես, մենք ոգեւորված ենք Երեւանը ԵՄ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հանգույցի վերածելու հնարավորությամբ: Այս բոլոր ոլորտներում համատեղ ծրագրեր նախաձեռնելու ԵՄ-ի պատրաստակամությունը մեծ հավանության է արժանանում Հայաստանի կողմից», - շեշտել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG