Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ցածր է գնահատում Հայաստանի ցուցանիշները մարդու իրավունքների բնագավառում


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցը՝ 2001 թվականին աշխարհում մարդու իրավունքների կացության մասին, թեեւ ցածր է գնահատում այդ բնագավառում Հայաստանի կառավարության ցուցանիշները, միաժամանակ բարելավումներ է արձանագրում մի շարք բնագավառներում:

Ընտրական գործընթացում տեղական իշխանությունների կառույցների կողմից շոշափելի միջամտությունները շարունակում են սահմանափակել խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու քաղաքացիների կարողությունը:

2001 թվականի ընթացքում, ըստ պետդեպարտամենտի զեկույցի, քաղաքական սպանություններ, կառավարության կամ նրա գործակալների կողմից չեն եղել: Սակայն նախնական կալանքի վայրերում եւ բանակում արձանագրվել են մահվան դեպքեր: Պետդեպարտամենտը վկայակոչում է Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, նշելով, թե, ականատեսների վկայությամբ, նախագահ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանել են Պողոսյանին այն բանից հետո, երբ վերջինս վիրավորական խոսքեր է ասել նախագահին:

2001 թվականին Հայաստանի կալանավայրերում արձանագրվել է 27 մահ, այդ թվում 18 մարդ մահացել է բանտերում: Իսկ բանակում այս նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 92 զինծառայողի մահվան դեպք, հիմնականում դաժան վերաբերմունքի եւ զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով:

Վկայաբերելով պաշտպանույթան նախարարության տվյալները, պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցը նշում է, որ 2001 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում մահացության դեպքերը բանակում նախորդ տարվա նույն ժամակաշրջանի համեմատությամբ նվազել են 10 տոկոսով: Նշվում է նաեւ, որ ծեծը հատկապես սաստիկ է եզիդիների եւ միասեռական զինծառայողների շրջանում:

Բանտային պայմանները խիստ են, բուժսպասարկումը ցածր մակարդակի վրա է, սակայն, ինչպես հաղորդում են մարդու իրավունքների պաշտպանության տեղական կազմակերպությունները, պայմանները կալավայրերում շարունակում են բարելավվել: Այդուհանդերձ մի շարք դեպքերում պաշտպանության նախարարությունը մերժում է իրավապաշտպան կազմակերպություններին տրամադրել կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ՝ վկայաբերելով ազգային անվտանգության նկատառումները:

Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ նախկին իրավապաշտպան Պարույր Հայրիկյանը, որն այժմ գլխավորում է Հայաստանի նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը այցելել է կալանավայրեր եւ արձանագրել է կոպիտ իրավախախտումներ:

Հայաստանի Սահմանադրությունը արգելում է կտտանքները, սակայն բանտային անվտանգության ծառայության աշխատակիցները մշտապես ծեծի են ենթարկում նախնական կալանքի տակ առնված անձանց ձերբակալության եւ հարցաքննությունների ժամանակ: Այդուհանդերձ դաժան վերաբերմունքի արձանագրված դեպքերը 2001 թվականին նվազել են՝ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության շնորհիվ:

Կառավարությունը թույլ է տալիս տեղական իրավապաշտպան կազմակերպություններին այցելել բանտեր, սակայն դրանց առայժմ իրավունք չի տրվում այցելել նախնական կալանքի վայրերը:

Իշխանությունները շարունակում են քրեական հանցանքի մեջ կասկածվող անձանց կալանումը եւ ձերբակալումը առանց իրավական սանկցիայի: Իսկ անվտանգության մարմինները հաճախ ձերբակալվածի դատապաշտպանին եւ ընտանիքի անդամներին տեսակցելու իրավունք չեն տալիս մինչեւ նախաքննության ավարտը:

Թեեւ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է անկախ արդարադատություն, այդուհանդերձ, Սահմանադրությունը չի պաշտպանում արդարադատության մարմիններին գործադիր եւ օրենսդիր մարմինների ճնշումներից: Դատավարության ընթացակարգում դատախազները շարունակում են ստվերել դատավորներին եւ դատապաշտպաններին: Իսկ արդարադատության խորհուրդը, որը գլխավորում է երկրի նախագահը, նշանակում, պատասխանատվության է ենթարկում առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորներին:

Նախագահը, հավելումն, նշանակում է արդարադատության խորհրդի մնացած 14 անդամներին եւ Սահմանադրական դատարանի 9 դատավորներին: Նախագահը վճռական խոսք ունի բոլոր ատյանների դատավորներին նշանակելու եւ հեռացնելու հարցում:

Հայաստանն իր դատաիրավական համակարգը ժառանգել է խորհրդային միությունից, որտեղ դատարանը ոչ թե պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, այլ գլխավորապես ծառայում է դատախազին:

Խոսքի եւ մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Հայաստանում պաշտոնական գրաքննություն չկա, պարբերականները ներկայացնում են տարբեր տեսակետներ, քննադատում են իշխանություններին, այդ թվում նաեւ նախագահին: Հաճախ, սակայն, լրագրողները, վախենալով զորեղ իշխանավորների վրեժխնդրությունից, ինքնագրաքննության են ենթարկում իրենց հրապարակումները, հատկապես, երբ լուսաբանում են կաշառառության խոշոր դեպքեր կամ ազգային անվտանգության հարցեր: Իսկ պետական այն կառույցները, որոնք ժամանակին վերահսկում էին մամուլը, այժմ կորցրել են իրենց նշանակությունը:

Իսկ ահա հեռուստատեսությունը, որն ամենամատչելի լրատվամիջոցն է Հայաստանում, շարունակում է մնալ նախագահի գրասենյակի ազդեցության տակ: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը քաղաքական ցուցումներ է ստանում կառավարությունից:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը քննադատական դիտողություններ է պարունակում նաեւ կրոնի ազատությունների վերաբերյալ: Նշվում է, մասնավորապես, որ Եհովայի վկաների ճնշումների են ենթարկվում Հայաստանում: Կրոնի պետական խորհուրդը հրաժարվում է գրանցել Եհովայի վկաներին:

Հայաստանում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցը անդրադառնում է նաեւ մի շարք այլ խնդիրների, մասնավորապես՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների իրավունքներին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG