Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը բավարարված է Հայաստանում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքով


Համաշխարհային բանկի՝ Անդրկովկասի տարածաշրջանի տնօրեն Ջուդի Օ'Քոնորը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի փաթեթը կառավարության պատասխանատուների հետ երկու օր քննարկելուց հետո, այսօր հայտարարեց, որ իրենք բավարարված են ծրագրային փաթեթի կատարման ընթացքով։

Համաշխարհային բանկը իր աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը գնահատում է տարբեր չափանիշների հիման վրա։ Ասենք, ըստ ծավալման նպատակների եւ իրականացման ընթացքի, հայաստանյան ծրագրերի 87 տոկոսը «բավարար» է գնահատվել, եւս 7 տոկոսը ստացել է «հույԺ բավարար» գնահատական։

Բոլոր 15 ծրագրերն էլ, ըստ ծրագրի ղեկավարման եւ գնումների ցուցանիշների, գնահատվել են բավարար, համաֆինանսավորման առումով ծրագրերի 80 տոկոսը վերստին բավարար գնահատական է ստացել:

Ընդհանրապես, Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը համաֆինանսավորվող են՝ գումարի 90 տոկոսը տալիս է բանկը, մնացած 10 տոկոսը՝ կառավարությունը։ Վերջինս, սակայն, ոչ միշտ է կարողանում իր բաժինը ներդնել, ինչի հետեւանքով ծրագրերի իրականացումը դանդաղում է։ Այժմ ընթացքի մեջ եղած 15 ծրագրերից 8-ի գծով կառավարությունը ունի 1 միլիոն 300 հազար դոլարի պարտք: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը այսօր հավաստիացրեց, թե այդ պարտքը մինչեւ այս կիսամյակի վերջը կփակի:

Ջուդի Օ'Քոնորը անդրադարձավ նաեւ տարածաշրջանի խնդիրներին: Համաշխարհային բանկի ներկայացուցչի խոսքերով, ծրագրերն առավել բարեհաջող իրականացվում են Հայաստանում, իսկ Ադրբեջանը եւ Վրաստանը լուրջ խնդիրներ ունեն.

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանում ավելի մեծ դժգոհություն կա բանկից, քանի որ նրանք ավելի ուշ են սկսել ու ավելի քիչ միջոցներ են ստացել։ Ադրբեջանի հետ խնդիրներ կան նաեւ ծրագրերի շուրջ ընդհանուր համաձայնության գալու առումով, օրինակ, տրանսպորտային ծրագրերի հարցում։ Ասենք, Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գոտիների ճանապարհների վերականգման հարցում դժկամություն կա», - ասաց նա։

Իսկ Վրաստանում, ըստ Օ'Քոնորի, վիճակն ավելի բարդ է, քանի որ այդ երկրի կառավարությունն ավելի շատ քաղաքական խնդիրներ ունի։ Այդ երկրում անհրաժեշտություն կա ավելի համակարգված մոտեցումների, մինչդեռ, քաղաքական կայունությունը կարող է նպաստել դրան։

Ջուդի Օ'Քոնորը ասաց նաեւ, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների համատեղ ծրագրերին՝ մասնավորապես, տրասնպորտի, էներգետիկայի եւ առեւտրի բնագավառներում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG