Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի փորձագետները «լավագույնը» չեն համարում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը


Հայաստանի կառավարության մշակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, որ սուր քննադատության թիրախ է դարձել հանրապետության ներսում, այսօր արժանացավ նաեւ Եվրախորհրդի փորձագետների բացասական գնահատականին: Երեւան ժամանած փորձագետները միանշանակ կերպով հայտարարեցին, որ նախագիծը «լավագույնը չէ», կան մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ Եվրախորհրդի պահանջներին:

Հայաստանի նախագահը անցած ամիս լրագրողներին վստահեցրել էր, որ այդ օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի միայն եվրոպական փորձագետների դրական գնահատականին արժանանալուց հետո:

Օրենքի նախագիծը, ըստ Եվրախորհրդի փորձագետներ Ռամոն Պրիետո Սուարեսի, Թիմ իբոնսի, Կառլոս Լանդիմի, խոսքի ազատությունը սահմանափակելու մեծ հնարավորություն է տալիս: Մամուլի նկատմամբ պետական վերահսկողություն, թեկուզ հետին կարգով չպետք է լինի, նախագծում լիցենզավորման մասին դրույթները խախտում են 10-րդ հոդվածի պահանջները:

Կան դրույթներ, որոնք պետք է կարգավորվեն ոչ թե ԶԼՄ-երի մասին օրենքով, այլ քրեական օրենսգրքով: Դրանք վերաբերում են զրպարտությանը: Իսկ լրագրողների իրավունքներն ու պարտականությունները պետք է կարգավորվեն ոչ թե օրենքով, այլ լրագրողական վարքագծի կանոնակարգերով:

Եվրախորհրդի փորձագետների վկայությամբ, Հայաստանը Եվրախորհրդին անդամակցելու պահին ստորագրելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, պարտավորվել է մեկ տարվա ընթացքում վավերացնել այն, եւ երկրում ընդունված բոլոր օրենքներն ուղարկել փորձաքննության՝ կոնվենցիայի պահանջներին դրանք համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ուշագրավ է, որ փորձագետների խոսքերով, ԶԼՄ-ների մասին օրենքը Եվրախորհրդի պահանջների մեջ չի մտնում:

«Չեմ կարծում, թե հատուկ պարտավորություն չի նշվել: Որոշ դրույթներ կային հեռուսատեսության մասին օրենքի, տեղեկատվության մատչելիության վերաբերյալ, ինչը կարելի է դիտարկել որպես պարտավորություն», - ասաց Եվրախորհրդի փորձագետ Ռամոն Սուարեսը:

Նրա կարծիքով, Եվրախորհրդի նախարարների կոմիտեն նման պահանջ չի դրել, քանի որ Հայաստանը խոսքի ազատության պահպանման առումով բավականին լավ վարկանիշ ունի ԱՊՀ երկրների շրջանակներում: Իսկ իրենք գործին միացել են, որովհետեւ Հայաստանի իշխանություններն են օրենքի նախագիծը ուղարկել եւ խնդրել են կարծիք հայտնել:

Մինչդեռ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հաստատվել է պարտավորությունների ցանկը, որի «Ազգային օրենսդրություն» մասով ստանձնած պարտավորությունների կետերից մեկում սեւով սպիտակի վրա գրված է. «Անդամակցությունից հետո մեկ տարվա ընթացքում ընդունել ԶԼՄ-երի մասին նոր օրենք»:

Այսինքն՝ կողմերից մեկը սխալվում է. կա'մ փորձագետները տեղյակ չեն, կա'մ էլ Հայաստանի իշխանություններն են թյուրիմացության մեջ ընկել:

Փորձագետներն արդեն ծանոթացել են օրենքի նախագծին, իշխանություններին եւ անձամբ նախագծի հեղինակ՝ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին հայտնել իրենց դիտողությունները:

Այսօր արդեն օրվա երկրորդ կեսին Եվրոպայի խորհրդի փորձագետներին ընդունեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Հանդիպմանը, որին ներկա էին օրենքի նախագծի հեղինակը՝ Հայաստանի արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, նշվեց, որ ճիշտ կլինի, եթե խորհրդարանի, կառավարության, զանգվածային լրատվամիջոցների եւ այդ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվի աշխատանքային խումբ, որը այս եւ նախորդ երկու նախագծերի եւ դրանց վերաբերյալ եզրակացությունների հիման վրա սահմանված ժամկետում (երեք ամիս) բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակ մշակի եւ վերստին ուղարկի Եվրոպայի խորհուրդ՝ փորձաքննության:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG