Հայաստանի պաշտպանության նախարարը վկայակոչեց Ռուսաստանի նախագահի խոսքերը: Վլադիմիր Պուտինը այսօր Ալմա Աթիում ասել է, որ եթե Միջին Ասիայում ամերիկյան զորքեր կան, ապա ինչու դրանք չեն կարող լինել նաեւ Վրաստանում:
Սերժ Սարգսյանը այսօր վերադարձավ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից, որի աշխատանքները «նորմալ» գնահատեց: Նախարարը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է 14 հարց եւ ընդունվել են համապատասխան որոշումներ:
Իսկ մինչ այդ՝ փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղել էր Կիպրոսում, որտեղ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր էր ստորագրվել Կիպրոսի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ:
Երեկ Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ այդ պայմանագիրը վնասում է Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորման գործնթացին:
«Մենք խստորեն դատապարտում ենք Կիպրոսի հունական ղեկավարության թշնամական վերաբերմունքը եւ կոչ ենք անում խնդրի կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերին համապատասխան գնահատական տալ այդ ցավալի զարգացմանը», - ասված է հայտարարության մեջ:
«Մեր համագործակցությունը ուղղված չէ որեւէ երկրի դեմ: Այն ուղղված է մեր երկու բանակների մարտունակության ամրապնդմանը», - այս առնչությամբ ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Պենտագոնի ներկայացուցիչների այցին, որոնք այսօր արդեն մեկնել են Հայաստնից, պաշտպանության նախարարը ասաց, որ այցը որեւէ կապ չունի Վրաստանի վերջին զարգացումների հետ: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարեվերջին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցի ժամանակ:
«Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մարտի 5-6-ը Հայաստան կժամանի ՆԱՏՈ-ի շտաբի տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության բաժնի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Գուիդո Պալմիերին: Պատասխանելով սպասվող այցին վերաբերող հարցին, Սերժ Սարգսյանը ասաց, որ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այս տարի աշխատանքներն ավելի ակտիվ են ընթանալու:
Իսկ մարտի 17-21-ը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Միացյալ Նահանգներ: Նախատեսվում է երկու երկրների միջեւ 2002 թվականի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը: Դրանով վերջնականապես ճշտվելու է նաեւ, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ռազմական ոլորտի զարգացմանը տրամադրվող 4 միլիոն 300 հազար դոլարը կոնկրետ ինչ նպատակներով է օգտագործվելու:
Հրաչ Մելքումյան, Երեւան