Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը


Եվրախորհրդարանը այսօր Բրյուսելի իր կենտրոնակայանում ընդունեց շվեդ պատգամավոր Պեր Գարտոնի զեկույցը Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ՝ դրանով, փաստորեն, վերհաստատելով 1987 թվականին ընդունած իր բանաձեւը, որով ճանաչվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց Եվրախորհրդում Հայաստանի հարցով զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Դմիտրիո Վոլչիչը, զեկույցի քննարկումների ժամանակ ամենաբուռն բանավեճը ծավալվել է Թուրքիային առնչվող հատվածի շուրջ: Զեկույցում Թուրքիային կոչ է արվել Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու հավակնություններին համապատասխան՝ քայլեր ձեռնարկել Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

Թուրքական կողմի՝ քվեարկությանը նախորդած հսկայական աշխատանքը ուղղված է եղել դուրս թողնելուն ոչ այնքան այս, որքան հետեւյալ դրույթը. «Եվրախորհրդարանը վերահաստատում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու 1987 թվականի հունիսի 18-ի իր որոշումը եւ Թուրքիային հաշտեցման հիմքեր ստեղծելու կոչ է անում»:

Դմիտրիո Վոլչիչը ասաց, որ Եվրամիության անդամ 15 երկրներից եւ ոչ մեկի ազգային պատվիրակությունը հանդես չի եկել ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու դեմ: Եղել են, սակայն, առանձին պատգամավորներ, ովքեր, վերջին օրերին ենթարկվելով թուրքական ազդեցությանը, փորձել են պնդել, թե հարկ չկա կոնկրետացված անդրադառնալ Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությանը:

«Փաստն այն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վոլչիչը, - «որ Եվրամիության անդամ 15 պետությունները արձանագրեցին, թե 20-րդ դարասկզբին Թուրքիայում հայերի նկատմամբ որդեգրվածն ու իրականացվածը ցեղասպանության քաղաքականություն է եղել: Փաստորեն, Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակացությունները կողմ են քվեարկել բանաձեւին»:

Եվրամիություն - Հարավային Կովկաս հարաբերություններին նվիրված զեկույցը Դմիտրիո Վոլչիչը դիտարկում է որպես հիմնարար փաստաթուղթ, ուր հանրագումարի են բերված տարածաշրջանի նկատմամբ եվրոպական ազդեցիկ երկրների գրեթե բոլոր նկատառումները: Եվրամիության գործադիր կառույցներին կոչ է արվում հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ մշակել երկարաժամկետ ռազմավարություն եւ օր առաջ կյանքի կոչել այն:

Առաջարկվում է հատուկ բանագնաց նշանակել տարածաշրջանում, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի առաքելություններ բացել Հայաստանում ու Ադրբեջանում: Վրաստանում նման առաքելություն արդեն գործում է:

Առաջարկություն կա նաեւ հատուկ կոնֆերանս կազմակերպել Հարավային Կովկասում ներդրումների ու տնտեսական զարգացման հարցերը քննարկելու նպատակով՝ առանձնապես շեշտադրելով էներգետիկայի ոլորտը:

Թուրքիայի օրենսդիրներն արագորեն արձգանքեցին Եվրախորհրդարանի այսօր ընդունած բանաձեւին: Երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական վեց կուսակցությունների ներկայացուցիչները իրենց հայտարարությամբ դատապարտել են բանաձեւը՝ որպես «պատմական փաստի գիտակցված հերքում եւ հայերի անհիմն պնդումների ընդունում»:

«Պատմությունը չի կարելի խեղաթյուրել վիճահարույց դատողություններով», - ասված է հայտարարության մեջ, որն այսօր Թուրքիայի խորհրդարանում հրապարակել է փոխխոսնակը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG