Մատչելիության հղումներ

Սլովակիան եւ Հայաստանը կզարգացնեն տնտեսական համագործակցությունը


Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, երկօրյա պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 26-ի առանձնազրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Ռուդոլֆ Շուստերի հետ:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուդոլֆ Շուստերը փաստել են, որ Հայաստանն ու Սլովակիան քաղաքական խնդիրներ չունեն, սակայն տնտեսական գործակցության մակարդակը դեռեւս ցածր է: Դրա հիմնական պատճառը համարելով իրավապայմանագրային հիմքի բացակայությունը, Հայաստանի եւ Սլովակիայի նախագահները վճռականություն են հայտնել գործնական քայլերով հնարավորին կարճ ժամկետներում լրացնել այդ բացը:

Ըստ լրատվական գործակալությունների հաղորդագրությունների, երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Ռուդոլֆ Շուստերը ասել է, որ տնտեսական կապերի ընդլայնման համար անհրաժեշտ են երկկողմանի համաձայնագրեր, օրինակ՝ կրկնակի հարկումը բացառելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, նշել է, որ 1993 թվականին Չեխոսլովակիայի խաղաղ տարանջատումը, որ ծնունդ է տվել Չեխիայի եւ Սլովակիայի անկախ պետություններին, կարող է ծառայել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոդել:

«Քաղաքակիրթ բաժանման այս փորձը շատ ուշագրավ է», - ասել է Հայաստանի նախագահը: - «Մենք գտնում ենք, որ նախկինում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն կոչվող տարածքը նույնպես կարող էր ծնունդ տալ (ԽՍՀՄ փլուզումից հետո) երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Սլովակիայի փորձը եվրոպական կառույցներ ինտեգրման առումով հետաքրքիր է Հայաստանի համար, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Սլովակիան ունեցել են հետխորհրդային համադրելի ժառանգություն:

Փետրվարի 26-ի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայից կմեկնի Վիեննա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG