Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Հայաստանում կառավարման համակարգի շուրջ ծաղկող բանավեճերին, «Առավոտ» թերթը նշում է. «Հավանաբար, չարժե որպես նախագահական կառավարման առավելություն դիտարկել խորհրդարանականների բուռն բանավեճերը։ Չէ՞ որ, սրան ի պատասխան, խորհրդարանական կարգի կողմնակիցները կարող են նմանատիպ փաստարկներ բերել երկրի նախագահական կառավարման աննպատակահարմարության ու վտանգավորության մասին»։

«Պնդել, որ Քոչարյանն իր կեցվածքով, մտավոր մակարդակով եւ գեղեցիկ փոխաբերություններով մարմնավորում է նախագահական համակարգի առավելությունները, չափազանցություն կլինի», - մասնավորեցնում է խմբագրականը։ - «Իրո՛ք որ, կառավարման խորհրդարանական կարգի մասին խոսելը Հայաստանի համար մի փոքր վաղաժամ է։ Եվ ո՛չ այն պատճառով, որ մենք վառ անհատականությունների ազգ ենք կամ էլ չափազանց կռվարար ենք։ Պարզապես մենք դեռեւս չունենք պատշաճ քաղաքական դաշտ։ Խոշոր առումով, Հայաստան պետությունն այժմ այն մակարդակին է, որ ցանկացած իշխանություն, լինի նախագահական թե խորհրդարանական, ընդամենը չարաշահումների միջոց է»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի ձեւակերպմամբ, «ներկա վարչախումբը կրկին անգամ իշխանությունը զավթելու համար պետք է կամ անհրաժեշտ թվով քվեաթերթիկներ «լցնի» քվեատուփերը, կամ էլ պարզապես թվեր պիտի «նկարեն»:

«Երկու դեպքում էլ գործընթացը հաջող ավարտի հասցնելու հարցում առավել քան կարեւորվում է ընտրական հանձնաժողովների դերը», - ուշադրություն է սեւեռում մեկնաբանը: - «Մի շարք ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիրների թիվը վտանգավոր եզրագծի կարող է հասնել»: Այնպես որ իշխանություններն արդեն իսկ քայլեր են ձեռնարկում հանձնաժողովները «վերաորակավորելու» ուղղությամբ:

«Իրավունք» թերթն էլ իշխանության համար բացասական նախընտրական ընթացքներից առանձնացնում է իշխանամետ ուժերի միջեւ սրվող հարաբերությունները, «Զանգվածային լրատվամիջոցների մասին», ինչպես որակված է՝ միջնադարյան օրինագծի շրջանառությունը, Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը:

«Կատարվածը ցույց տվեց, որ այսօր Հայաստանում լկտի եւ ցինիկ ապօրինությունը նույնքան է, ինչքան ՀՀՇ-ական ռեժինի օրոք, եւ որ իշխանությունները ցանկություն չունեն հրաժարվել «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսից», - գրում է «Իրավունք»-ը:

Օրերս նախկիններից Արա Սահակյանը ձեւակերպել էր, թե «ընդդիմություն լինելու հայտ ներկայացնող ՀԺԿ-ն, «Հանրապետություն»-ը, ԱԺՄ-ի, կոմունիստների ու սոցիալիստների տարբեր ճյուղավորումները, «Ազգային միաբանություն»-ը, «Սահմանադրական իրավունք» միությունը, (ՍԻՄ) հասարակության առջեւ ապաշխարհելու խնդիր ունեն, քանի որ պատասխանատվություն են կրում 1998 թվականի հեղաշրջման եւ Քոչարյանի վարչախմբին իշխանության բերելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը դիմել է այդ ուժերի ներկայացուցիչներին՝ «Ապաշխարհելո՞ւ են, թե՞ ոչ»: Աղասի Արշակյանը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից շեշտում է. «Թող ժամանակին երկիրը այն օրը չգցեին, որ առաջանար արտահերթ ընտրությունների անխուսափելի անհրաժեշտություն... Այօրվա իշխանավորների սխալները, թերացումները երբեք չեն կարող արդարացնել նախորդներին... Եթե նույնիսկ Հայաստանում ամենահրեշավոր վարչակարգն էլ հաստատվի, դա բոլորովին չի նշանակում, թե ՀՀՇ-ի վարչախումբը լավն էր»:

Արշակ Սադոյանն էլ ընդգծել է. «Չեմ կարծում, որ այն ժամանակ ընդդիմության մեջ եղած եւ նախկին վարչախմբի հեռացման համար պայքարած որեւէ կարգին մարդ իշխանափոխության մեջ իր մասնակցության համար ափսոսալու խնդիր ունի՝ անկախ ներկայիս վարչակարգի կոպիտ սխալներից ու թերացումներից»:

Իսկ ԱժՄ նախագահ Վազգեն Մանուկյանը առաջարկում է պարզապես այդքան ուշադրություն չդարձնել Արա Սահակյանի կարծիքին:

«Պողոս Պողոսյանի մահը սրտի հիվանդությամբ բացատրելու փորձերից սկսած մինչեւ Աղամալ Հարությունյանի չափազանց մեղմ դատավճիռը զգացվում էր գործի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցում», - ի մի է բերել այսօր «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Արդարադատությունը ակնհայտորեն կիրառում է երկակի ստարդարտներ: Մարդկային կյանքի կորուստը բնավ համարժեք չէ դատարանի սահմանած պատժին: Հիշենք, որ անգամ մի երկու հավի գողության կամ մանր խուլիգանության համար մեր դատախազներն ու դատավորները մարդկանց ճաղերի հետեւում են նստեցնում»:

Կարծես նման հեռանկար է բացվել եւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի առջեւ: Քրեական գործ է հարուցվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի բողոքի հիման վրա, թե «Հայկական ժամանակ»-ը իրեն «դեգեներատ» է անվանել:

«Առավոտ»-ի խմբագիրը սրան արձագանքում է. «Ոչինչ, որ մեր ավիացիայի վիճակը անմխիթար է, որ ծաղկում է կոռուպցիան, որ մենեջմենթը զրոյական է, որ ուղեւորները սոված են մնում, որ չվերթերը հաճախ տապալվում են՝ պետությանը պատճառելով հսկայական վնասներ: Փոխարենը Երիցյանն իր ստեղծագործական էներգիան սուբլիմացնում է մամուլի հետ հաշիվներ մաքրելով»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ում ընդգծված է. «Մեր թերթի դեմ քրեական գործեր հարուցվում են այն ժամանակ, երբ մեր վիճակը շատ թե քիչ կայունանում է, տպաքանակի աճի միտում է արձանագրվում... Այդպես էր 1999 թվականին, երբ շինծու մեղադրանքներով փակվեց «Օրագիր» օրաթերթը: Այս անգամ էլ, երեւի, որոշել են «Հայկական ժամանակ»-ը փակել... Բայց մենք չենք պատրաստվում տեղավորվել «ազատ եւ պատասխանատու մամուլ» գեղական ձեւակերպման տակ: Մենք, իհարկե, եղել եւ շարունակելու ենք մնալ ազատ, եւ մեր ազատությունը չափվելու է անպատասխանատու չինովնիկներին պատասխանատվության հրավիրելու մեր ունակությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG