Մատչելիության հղումներ

500 դոլարով հնարավոր է սեփական գործ սկսել


500 ԱՄՆ դոլար է պահանջվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ոչ մեծ վարսավիրանոցի տնօրեն Ռուստամին՝ սեփական գործը սկսելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ բացված վարսավիրանոցում արդեն 5 մարդ է աշխատում, այն ունի իր մշտական հաճախորդները:

Սա, իհարկե, չի նշանակում, թե ամեն ոք 500 դոլարով կարող է սեփական վարսավիրանոցը բացել ու հաջողության հասնել: Նախ, Ռուստամը անգամ սեղաններն ու հայելիներն է սեփական ձեռքերով պատրաստել: Եվ ամենակարեւորը՝ պետք է կայացած մասնագետ լինել:

Հաջողության գաղտնիքը, ըստ Ռուստամի, շատ պարզ է՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է»:

Ռուստամը կարողանում է նաեւ գովազդել իր վարսավիրանոցը, ինչը, իր կարծիքով, մեծապես նպաստում է նոր հաճախորդներ հրապուրելուն: Մանր ու միջին գործարարները սովորաբար հրաժարվում են գովազդից՝ հիմնականում դրա համար միջոցներ չունենալու պատճառով: Ռուստամը, սակայն, ընտրել է «Արձագանք» ստուդիայի հետ համագործակցության տարբերակը. վերջինս իր եթերում խաղարկում է Ռուստամի վարսավիրանոցի անվճար քարտեր:

«Այդ մարդիկ առաջին անգամ սպասարկվում են անվճար: Եվ եթե հավանում են մեր աշխատանքը, արդեն դառնում են մեր մշտական հաճախորդը», - ասում է նա:

Մի քանի ամիս առաջ բացված վարսավիրանոցի 5 աշխատակիցները ամեն ամիս վաստակում են մոտ 100 դոլար: Ռուստամը մոտ 2-3 անգամ ավելի է վաստակում եւ ինքն է հոգում էլեկտրաէներգիայի, տարածքի վարձակալման, հարկային եւ այլ ծախսերը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG