Անցած տարեվերջին ստեղծված արհեստակցական կազմակերպությունների «Ալիք» միությանը, դրա ղեկավարի խոսքերով, արդեն մի քանի հազար անդամներ ունի եւ կառույցներ՝ կրթության, առողջապահության, կապի եւ տրանսպորտի բնագավառներում:
Միությունն ուրբաթ օրը կրթության հարցերին նվիրված համաժողով անցկացրեց: Կազմակերպության ղեկավար Կարեն Մխիթարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արհմիությունների մասին մարդկանց պատկերացումները, թերեւս, հնացել են: Իսկ իրենք շուկայական հարաբերությունների նոր պայմաններում նոր ձեւերով են պաշտպանելու աշխատավորների շահերը: Եվ սկսելու են գործատուների հետ կոնկրետ պայմանագրեր կնքելուց:
Թեեւ «Ալիք»-ը գրանցված է Դաշնակցության Երեւանի մարզային կառույցի հասցեով եւ ղեկավար Կարեն Մխիթարյանը դաշնակցական է, վերջինս հերքեց, թե ՀՅԴ-ն փորձում է մտնել արհմիութենական գործունեության մեջ:
«Դաշնակցության հետ մենք որեւէ կազմակերպական կապ չունենք, սակայն պատրաստ ենք համագործակցելու ցանկացած կազմակերպության եւ կառույցի հետ, որը իր էությամբ աշխատավորության շահերը պաշտպանող կառույց է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մխիթարյանը:
Նա նաեւ հերքեց, թե իր ղեկավարած միության ստեղծումը կապ ունի առաջիկա ընտրությունների հետ:
«Արհեստակցական միությունը քաղաքական գործընթացներին անմիջական մասնակցություն ունենալ չի կարող», - ասաց նա, չբացառելով, սակայն, որ որոշակի պայմաններուն արհմիությունները կարող են խթանիչ կամ արգելակող դեր ունենալ քաղաքական գործընթացների համար:
Արհմիությունների գործունեությունը Հայաստանում գրեթե չի զգացվում: Արհմիութենական ամենախոշոր կառույցի՝ 26 ճյուղային կառուցներ միավորող Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Մարտին Հարությունյանի խոսքերով, կոնֆեդերացիային ընդհանուր առմամբ անդամակցում է 500-550 հազար մարդ:
Մարտին Հարությունյանը կարեւոր փաստաթուղթ է համարում անցյալ տարի ընդունված «Արհմիությունների մասին» օրենքը, թեեւ, ինչպես ասաց «Ազատություն» ռադիոկայանին՝ «Արհմիությունների առջեւ դրված են նոր խնդիրներ: Եվ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լրացնել օրենսդրական դաշտը»:
Նրա խոսքերով, աշխատողների ամենատարրական իրավունքները, ասենք՝ օրական 8 ժամ աշխատելը, ձեռնարկություններում հնարավոր է պահպանել, բայց առեւտրի, սպասարկման ոլորտներում ակնհայտ է, որ չի պահպանվում: Հարությունյանը դա բացատրեց գործազրկության բարձր մակարդակով:
Հրաչ Մելքումյան, Երեւան