Մատչելիության հղումներ

Պատգամավորները նույնպես քննադատում են զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի նախագիծը


Կառավարության մշակած եւ ընթացիկ ամսվա սկզբին հաստատած զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի նախագիծը, որ ամենասուր քննադատության թիրախ է դարձել մամուլում, խորհրդարանում էլ, կարծես թե, կողմնակիցներ չունի:

Նախագահ Քոչարյանը երեկ լրագրողներին ասել էր, թե վերջիններս անհանգստանալու աթիռ չոնեն, քանի որ ինքը հանձնարարական է տվել կառավարությանը, որպեսզի նախագիծը շրջանառության մեջ դրվի միայն եվրոպական փորձագետների դրական եզրակացությանն արժանանալու դեպքում:

«Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը փորձ կանի շրջանակների մեջ դնել մամուլի ազատության հիմնարար սկզբունքը, դատապարտված է ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ հասարակությունում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, լրատվության հարցերով հանձնաժողովի անդամ, լրագրող Սերգո Երիցյանը:

Նույնպես լրագրող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն էլ՝ որքանով օրինագծին ծանոթ է թերթերի հրապարակումներից, խիստ բացասական կարծիք ունի օրենքի նախագծի վերաբերյալ:

«Անհեթեթություն է եւ բացարձակապես չի կարող այսօրվա Հայաստանում նման օրենք գործել», - ասաց նա: Աղվան Վարդանյանի կարծիքով, նոր օրենքն պատասխանատվության որոշակի ինստիտուտներ պիտի սահմանի՝ ապահովելով առավելագույն ազատություն:

Արտաշես Գեղամյանը նույնպես «անհեթեթություն» է համարում կառավարության հեղինակած այդ նախագիծը:

Տարիներ առաջ Գեղամյանի հետ կապված հրապարակումների առիթով էին շատ խոսում մամուլի պատասխանատվության մասին: Սրան ի պատասխան, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավարն ասաց. «Բայց ես այդքան նեղ մտածելակերպ չունեմ, որ անձնական դեպքը տարածեմ պետության բախտի, ճակատարգի վրա»:

Փետրվարի 21-ին Երեւանում, լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ հավաքում ընդունվել է հայտարարություն:

«ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օրերս արած հայտարարություններից պարզ է դառնում, որ չնայած բազմաթիվ բողոքների, կառավարությունն, այսուհանդերձ, պատրաստվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը», - ասված է հայտարարության մեջ: - «Հաշվի առնելով օրինագծում առկա մի շարք սկզբունքային հակասություններն ու թերությունները՝ մենք միանում ենք նախկինում հնչած կոչին եւ առաջարկում ենք նախագիծը չներկայացնել խորհրդարան»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG