Մատչելիության հղումներ

Հոլանդական լրատվական ծառայությունը գոհ է իր խմբագրական գրասենյակը Հայաստան տեղափոխելուց





Ինտերնետում աշխարհի առաջատար ֆուտբոլային էջերից մեկի սեփականատեր հոլանդական ընկերության ներկայացուցիչը գոհ է անցյալ տարի իրենց հիմնական խմբագրական գրասենյակը Հայաստան տեղափոխելուց, ինչը հնարավորություն է տվել վերակազմավորել ու ընդլայնել գործը:

Հոլանդական «Դեյլի Սփորթս Հոլդինգզ»-ը (Daily Sports Holdings), որն աշխարհով մեկ տարածում է ֆուտբոլային լուրեր, իր հիմնական խմբագրական գրասենյակը Ամստերդամի մերձակայքում գնտվող քաղաքից Հայաստան է տեղափոխել 2000 թվականի վերջին:

«Արդեն կես տարի է, ինտերնետային էջերի հրատարակման բոլոր աշխատանքները կատարվում են Հայաստանից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Յան Կլոսը:

«Հայաստան տեղափոխվելը մեզ հնարավորություն տվեց, առաջին հերթին, անշուշտ՝ ֆինանսական տեսակետից, վերակազմավորել մեր ընկերությունը եւ դառնալ ավելի ինքնուրույն լրատվական գործակալություն՝ նվազեցնելով կախվածությունը այլ լրատվական ծառայություններից», - ասաց նա:

«Դեյլի Սփորթս» ընկերությունը ներկայումս ունի ֆուտբոլին վերաբերող երեք ինտերնետային էջ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, որոնք սփռում են հիմնական միջազգային մրցաշարերի, ինչպես նաեւ եվրոպական եւ տեղական լիգաների ամենավերջին նորությունները: Վերջերս ընկերությունը մասնաճյուղեր է բացել Ստամբուլում ու Պեկինում եւ արդեն այս ամսվա վերջին բացելու է նաեւ թուրքերեն ու չինարեն ինտերնետային էջեր:

Հոլանդական լրատվական ծառայության 35 աշխատակիցներից բաղկացած կազմը Երեւանում միավորում է տեղում գրանցված երեք ընկերությունների աշխատակիցներին, որոնք հավաքում ու խմբագրում են լուրերը, զբաղվում են ծրագրային զարգացմամբ ու ինտերնետային գովազդով:

Էջի բովանդակության մեծ մասը ապահովում են 62 երկրներում գործող թղթակցային ցանցը եւ արեւմտյան լրատվական գործակալությունները: Հաղորդագորւթյունները խմբագրվում ու ինտերնետային էջում են դրվում Երեւանից: Հայ աշխատակիցները նաեւ թարգմանում ու արտատպում են եվրոպական հիմնական լրագրերում տեղ գտած ֆուտբոլային լուրերը:

«Մեր էջերի բովանդակության մոտ 70 տոկոսը ստեղծվում է այս գրասենյակում», - ասաց Կլոսը: - «Մինչեւ Հայաստան գալը բովանդակության առումով մենք հարյուր տոկոսով կախված էին արտաքին մատակարարներից: Այժմ վերջիններս ապահովում են միայն 30 տոկոսը: Դա մեզ շատ ավելի քիչ խոցելի է դարձնում»:

Ըստ Կլոսի, «Դեյլի Սփորթս»-ը ծրագրում է մինչեւ 2003 թվականի կեսերը 150-200 աշխատող ունենալ երեւանյան գրասենյակում՝ օգտվելով այն բանից, որ Հայաստանում ցածր են աշխատավարձերն ու հարկերը: «Արեւմտյան Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում մեզ չէինք կարող նման աճ թույլ տալ մեզ», - ասաց նա, ավելացնելով, որ հայկական բաժանմունքները դառնալու են հոլանդական ընկերության «եկամուտների ստեղծման կենտրոնը»:

«Տնտեսական առումով Հայաստանը կարող է աղքատ համարվել: Սակայն մեզ անհրաժեշտ ռեսուրսների եւ մարդկանց առումով ես այն աղքատ չեմ համարում», - ասաց Կլոսը:

Հոլանդացի գործարարը միաժամանակ բողոքեց Հայաստանում ինտերնետային կապի որակից ու արագությունից, ասելով, որ «Դեյլի Սփորթս»-ը հարկադրված է եղել իր երկու հիմնական էջերը (www.dailysoccer.com եւ www,dailyfootball.com) տեղակայել Միացյալ Նահանգներում՝ բազմահազար ընթերցողների համար դրանք ավելի դյուրությամբ մատչելի դարձնելու նպատակով:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG