Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօր միայն «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» թերթերն են անդրադարձել 14 տարի առաջվա իրադարձություններին, թեեւ դրանք, «Հայաստանի Հանրապետության» որակմամբ, «իրենց տեսակարար-հիմնարար կշռով դարձան մեր նորագույն պատմության սկիզբը՝ այդ օրը նշանավորելով իբրեւ հին ու նոր ժամանակների ճամփաբաժան-խորհրդանիշ»:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու վերաբերյալ որոշման ընդունմանը հարող անցուդարձը, այս թերթի մեկնաբանը, վերադառնալով մեր օրերին, ամփոփել է. «Անհնար է չնկատել վերջին տարիներին ԼՂՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումները, ժողովրդարության հաստատմանը, մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանմանն ուղղված՝ իշխանությունների, հատկապես ԼՂՀ նախագահի ձեռնարկումները ներքաղաքական կյանքում, տնտեսության մեջ, դատաիրավական համակարգում, կենսաապահովման ոլորտում առկա տեղաշարժերը: Արցախյան շարժումը նոր փուլ է թեւակոխել. ամենատարբեր ոլորտներում ամրագրվել են պետության, ժողովրդի ձեռքբերումները»:

«Հայոց Աշխարհ» թերթում հիմնավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման մասին օրենքի անհրաժեշտությունը, «Ագրոարդյունաբերական-ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծում է. «Եթե մենք ակնկալում ենք, որ օտարերկրյա դիվանագետները ձեռնպահ մնան այս փաստի ժխտումից կամ այն կասկածի տակ առնելուց, ապա պետք է առաջին հերթին այն հիմնավորենք սեփական օրենսդրությամբ: Ավելի քան տարօրինակ է, որ Ֆրանսիան ընդունում է համանման օրենքի նախագիծ եւ իր երկրի քաղաքացիների համար սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման կամ այն կասկածի տակ առնելու համար պատասխանատվություն, իսկ Հայաստանն առ այսօր այդ քայլը չի կատարել»:

Աշոտ Մանուչարյանն էլ «Հայկական ժամանակ»-ում վերստին խոսելով «Հոկտեմբերի 27»-ի շուրջ, առաջադրում է այստեղ էլ միասնական գնահատական սահմանելու անհրաժեշտությունը. «Մենք նորանոր հարվածներ ենք ստանալու, եթե չկատարենք ակնհայտ եւ անհրաժեշտ քայլեր, որ կատարվում են նման դեպքերում ցանկացած երկրում: Այն է՝ երկրի բոլոր քաղաքական ուժերը, իշխանության բոլոր թեւերը պետք է միանշանակ գնահատեն եղածը որպես երկրի, պետականության դեմ կատարած քայքայիչ գործունեություն, իսկ մասնակիցներին՝ որպես պետական դավաճանությանը մասնակցած անձանց: Ամեն տեսակի շեղումները նշված գնահատականից պետք է դիտվեն որպես քայքայիչ գործընթացին աջակցություն»:

«Ինձ ֆինանսական չարաշահումների մեջ մեղադրելը անմիտ, անխիղճ հայտարարություն է: Մեր կուսակցությունը նույնիսկ նման միջոցներ չունի, որ ինչ-որ մեկը դրանք հափշտակի», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանը՝ համոզմունք հայտնելով, որ իր նկատմամբ արշավը տեղի է ունենում իշխանությունների հրահանգով:

«Հանձնարարություն է տրված ներսից պայթեցնել հեղինակավոր կուսակցությունը՝ պառլամենտական ընտրություններից առաջ այն ջլատելու ու վարկաբեկելու, ինչպես նաեւ մեր հնարավոր դաշնակիցների հետ ՀԿԿ-ի դաշինքը խափանելու համար», - հայտարարում է Դարբինյանը:

«Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մտքով էլ չի անցնում, որ ինքն է վիրավորում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ «թյուրընկալման» մեջ մեղադրելով նրանց», - անդրադառնում է այսօր «Ազգ»-ի մեկնաբանը։ - «Հիշեցնենք, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու հոգու, այլ առանց բացառության բոլոր թերթերի, հեռուստաընկերությունների աշխատակիցների եւ ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, մի շարք պատգամավորների միասնական տեսակետի մասին է։ Պարզվում է, որ նրանք բոլորն ի վիճակի չեն ճիշտ ընկալել, եւ այդ շնորհը տրված է միայն արդարադատության նախարարին ու փոխնախարարին»։

Թեեւ լրագրողները միաբերան մերժում են զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրենքի նախագիծը, արդարադատության նախարարը դա էական չի համարում, զուգահեռելով, թե «հո չե՞ն կարող շրջանառությունից հանել «Քրեական օրենսգիրքը» միայն այն պատճառով, որ այն դուր չի գալիս հանցագործներին» («Առավոտ»)։

«Հանցագործներին լրագրողների հետ համեմատելը կարելի է դիպուկ համարել», - նշում է «Առավոտ»-ը: - «Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԶԼՄ-ների հռչակած խոսքի ազատությանը վերաբերվում են որպես քրեորեն պատժելի երեւույթի։ Նման դեպքում պոտենցիալ հանցագործ լրագրողների բացասական վերաբերմունքը «Քրեական օրենսգրքին», իշխանությունները, բնականաբար, պետք է արհամարհեն»։ Ու հարց է ծագում՝ «Արժե՞ փորձել ստանալ ժողովրդի հավանությունը՝ նրան ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը։ Եթե հետեւենք արդարադատության նախարարի տրամաբանությանը՝ հանրաքվեն եւս անպտուղ աշխատանք է»։

«Սեփական ազատությունը տնօրինել կամեցող ժողովուրդը կարող է չհավանել երկրի ղեկավարների իշխանությունն ամրապնդող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ուրեմն ո՞ւմ է պետք խավարամիտ ու անշնորհակալ այս ժողովրդի կարծիքը», - հիշյալ տրամաբանության հեռանկար է տալիս «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG