Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի հիմնական մատակարարը մեղադրվում է խարդախության, լրտեսության մեջ


Ըստ Աթենքից ստացված հաղորդագրությունների, հունական «ՕՏԵ»-ի եւ վերջինիս մասնաճյուղ, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել»-ի սարքավորումների հիմնական մատակարար հունական ընկերության սեփականատերը մեղադրվում է խարդախության, «փող լվանալու» եւ լրտեսության մեջ:

«Ասոշիեյթեդ Փրես» (Associated Press) գործակալության հաղորդագրության համաձայն, Հունաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սոկրատես Կոկկալիսի դեմ մեղադրանք է հարուցել երկրի դատախազությունը: Խարդախության մեղադրանքն առնչվում է Կոկկալիսի «Ինտրակոմ» ընկերության գործունեությանը:

Հունական այս ընկերության հետ «ՕՏԵ»-ի եւ «ԱրմենՏել»-ի գործարքները կենտրոնական տեղ են զբաղեցնում Հայաստանի կառավարության՝ «ԱրմենՏել»-ին ներկայացված մեղադրանքներում:

Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկույցում նշված է, որ «ԱրմենՏել»-ին հեռահաղորդակցության սարքավորումներ մատակարարելու համար 1999-ին անցկացված փակ մրցույթում չհիմնավորված կարգով նախապատվությունը տրվել է հունական երկու ֆիրմաներին, որոնցից մեկը «Ինտրակոմ»-ն է:

«Արհեստականորեն թանկ սարքավորումներ են ձեռք բերվել, եւ մոտ 19 միլիոն դոլարով ավելի ներդրում է հաշվարկվել ուսումնասիրված ժամանակահատվածում միայն՝ հայկական կողմին պատճառելով մոտ 2 մլն դոլարի վնաս», - ասված է զեկույցում:

Ըստ «ԱրմենՏել»-ի հաշվետվությունների, «Ինտրակոմ»-ը անցած չորս տարիների ընթացքում Հայաստանում շահել է ավելի քան 38 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր:

Վաթսուներեքամյա Կոկկալիսին առաջադրվում է նաեւ ժամանակին Արեւելյան Գերմանիայի հետախուզական ծառայության՝ Շտազիի օգտին լրտեսության մեղադրանք: «Ինտրակոմ» ընկերությունը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, որեւէ կերպ չի մեկնաբանել մեղադրանքները:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG