Մատչելիության հղումներ

Հրապարակվեցին մարդահամարի նախնական արդյունքները


Անցյալ տարվա հոկտեմբերի 10-19-ը Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքների համաձայն, երկրի բնակիչների թիվը այսօր կազմում է մոտ երեք միլիոն:

«Տեղեկություններ են հավաքագրվել 3 458 303 մարդու վերաբերյալ: Սակայն ամփոփաթերթերի տվյալներից պարզվել է, որ առկա են եղել, այսինքն` Հայաստանի Հանրապետությունում առկա է եղել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը 3 002 768 մարդ», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը:

Նրա խոսքերով, այդ թվի մեջ ներառված են նաեւ Հայաստանում ժամանակավորապես բնակվող օտարերկրացիները, ասենք՝ դեսպանատների աշխատողները, գործարարները, հյուրերը, ռուսական բանակի զինծառայողները եւ այլն։

Այս թիվը, ըստ Ստեփան Մնացականյանի, դեռեւս պետք է ճշտվի ու հստակեցվի: Մարդահամարի վերջնական արդյունքները հրապարակվելու են միայն հաջորդ տարվա ընթացքում։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ հաշվառման, հանրապետության մշտական բնակչության թիվը մինչեւ մարդահամարը եղել է մոտ 3 միլիոն 800 հազար։ Սա նշանակում է, որ մարդահամարի նախնական արդյունքներով, առանց փախստականների հաշվառման, հանրապետությունից բացակայում է առնվազն 800 հազար մարդ։

Ըստ պարոն Մնացականյանի, այս թվին պետք է հավելել նաեւ այն 155 հազար փախստականներին, որոնք հաշվառման չեն կանգնել ներքին գործերի անձնագրային ծառայությունում ու ենթադրաբար բացակայում են հանրապետությունից։ Այդպիսով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարի,
հանրապետությունից ենթադրաբար բացակայում է մոտ 955 հազար մարդ։

Մարդահամարի վերջնական նպատակը երկրի մշտական բնակչության թիվը պարզելն է։ Մշտական բնակչությունը, ըստ վիճակագրական մեթոդոլոգիայի, դա երկրում մշտապես ապրող բնակչությունն է՝ ներառյալ մեկ տարուց ոչ ավելի ժամկետով բացակայողները։

Ստեփան Մնացականյանը այսօր ձեռնպահ մնաց Հայաստանի մշտական բնակչության քանակի վերաբերյալ որեւէ կոնկրետ թիվ հրապարակելուց, ասելով, որ դա հայտնի կդառնա միայն մարդահամարի արդյունքների մշակումից ու վերջնական ամփոփումից հետո։

Ինչ վերաբերում է արտագաղթի ստույգ պատկերը պարզելուն, ապա գործող օրենսդրության հիման վրա դա անելն անհնար է: «Միգրացիան եթե փորձենք գործող օրենսդրությամբ հաշվառենք, դա երբեք իրական պատկերը չի տա», - ասաց նա, պարզաբանելով, որ բնակչության մեխանիկական շարժը (միգրացիան), գործող օրենսդրությամբ, ըստ բնակության վայրի հաշվառման կանգնածների եւ հաշվառումից դուրս եկածների տարբերությունն է: - «Չնչին ցուցանիշներ են ստացվել այս եղանակով»:

Հայաստանի մշտական բնակչության թվի վերաբերյալ կան նաեւ անուղղակի գնահատականներ: Հայաստանի կապի բնագավառի մենատեր «ԱրմենՏել» ընկերությունը իր տեղեկանքներում վկայակոչում է 2 միլիոն 400 հազար թիվը։ Ներդրումների հարցում պարտավորությունները թերակատարելու դրդապատճառներից մեկն էլ, ըստ «ԱրմենՏել»-ի պատասխանատուների, հենց երկրի բնակչության թվի, հետեւաբար նաեւ բաժանորդների քանակի կտրուկ նվազումն է:

Պարենի համաշխարհային կազմակերպության փորձագետների մշակած՝ «Հայաստանի բերքի եւ պարենի պաշարները» զեկույցում իբրեւ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակ նշվում է 2 միլիոն 500 հազար թիվը։ Մամուլում հրապարակվել են նաեւ այլ գնահատականներ, որոնց համաձայն Հայաստանում մշտապես ապրող բնակչության թիվը չի անցնում 2 միլիոնից։

Վիճակագրական գերատեսչության նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ինքը դժվարանում է հավատալ այսօր հնչած թվերի հավաստիությանը, քանի որ մարդահամարի որակյալ անցկացման համար բավարար գումարներ չեն եղել։ Ըստ նրա, այն հաշվարկը, թե մեկ շնչի հաշվով մեկ դոլար ծախսելով Հայաստանում հնարավոր է մարդահամար անցկացնել ու որոշել երկրի բնակչության ճշգրիտ թիվը, ռեալ չէ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG