Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո՞վ ունի» շարքում «Առավոտ» թերթն այսօր փոխանցում է. «Նախագահի դատողություններից վրդովված՝ երեկ խմբագրություն է զանգահարել խորհրդային ժամանակների տրեստի կառավարիչներից մեկը եւ իր նախկին գործընկերների անունից խնդրել, որ նախագահը տա այն տրեստի կառավարիչների անունները, որոնք ժամանակին երկու տուն են կառուցել»։

«Հայաստանում սովետի տարիներին մի պաշտոնյա փորձեր նման բան անել՝ հա՛մ պաշտոնից կզրկեին, հա՛մ կուսակցությունից կհեռացնեին, ոչ թե այսօրվա նման», - շեշտել է շատ նախկին պաշտոնյան։

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ, որպես հերքում, բաց նամակ է տարածել՝ ուղղված «Առավոտ»-ի ու «Հայկական ժամանակ»-ի խմբագիրներին, գրելով. «Ձեր թերթերին եմ նվիրում, ինչպես դուք եք պնդում, Կանարյան գեղատեսիլ կղզիներում գտնվող իմ դղյակը: Միեւնույն ժամանակ խնդրում եմ, որ այն վաճառվի եւ գոյացած գումարով դուք բավարարեք այն բանկերի ավանդատուների պահանջները, որոնք սնանկացել են ձեր հեղինակավոր, ազատ եւ անկախ թերթերում բանկային համակարգի մասին հոդվածներ պատվիրող անձանց գործունեության արդյունքում»:

«Սարգսյանը մեկն է այն բազմաթիվ պաշտոնյաներից, ովքեր իրենց շատ սրամիտ են համարում եւ թերթին պատասխան գրելիս ուզում են, որ ընթերցողները իրենց սրամտությունը հասկանան ու գնահատեն, զարմանան այդ սրամտության վրա», - արձագանքում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բայց ինչպես մյուս, այնպես էլ սույն երիտասարդ բարձրաստիճանին ստիպված ենք հիասթափեցնել. այն, ինչ նրանց ենթակաները սրամտություն են համարում, թղթի վրա տափակությունից ավելի չէ»:

Իսկ բովանդակային առումով «Հայկական ժամանակ»-ը ուշադրություն է հրավիրում, մասնավորապես, մտքի հետեւյալ անհարթությանը. «Մի քանի շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բանկային համակարգը վերջին տասը տարվա ընթացքում երբեք ավելի հուսալի չի եղել, քան հիմա: Բայց մեզ ուղղված նամակում գրում է, որ ինչ-որ անձինք մի քանի բանկ են «վարի տվել»: Դե արի ու մի հարցրու. այ կենտրոնական բանկի նախագահ, բա դուք ինչո՞վ էիք զբաղված, որ ինչ-որ մարդիկ անարգել բանկեր էին քայքայում»:

«Առավոտ» թերթն էլ ճշգրտել-ավելացրել է. «Առք ու վաճառքի գործընթացը հնարավորինս արագացնելու ազնիվ նպատակով կրկին տպագրում ենք առանձնատան լուսանկարը, որն, ի դեպ, ոչ թե Կանարյան կղզիներում է, ինչպես այժմ ներկայացնում է նա, այլ ինչպես նշել էինք՝ Իսպանիայում»:

Ավելի մեծ ընթացքի մեջ «Իրավունք» թերթն այսօր սահմանում է, թե «նախագահը մտադիր է քաղաքացիներին պարտադրել ընտրություն «գործող» եւ «բարեփոխված» Քոչարյանների միջեւ: Եվ այդ ամենը՝ աստիճանաբար աճող համատարած ճնշումների ֆոնի վրա»: Ըստ մեկնաբանի, «բոլոր ուղղություններով մթնոլորտը Հայաստանում շիկանալու է: Ունենալու ենք բավականին թեժ գարուն, եւ այդ գարնան ընթացքում իշխանությունները բոլորին կանգնեցնելու են երկընտրանքի առջեւ. դուք մեզ հե՞տ եք, թե՞ մեզ դեմ եք: Նորից գալիս են սեւ ու սպիտակի ժամանակները»:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի այսօրվա խմբագրականը շեշտադրել է. «Արդարության հանդեպ հավատը, հույսը այն վերջին հենակետն է, որը չի կարելի անտեսել ու ստորացնել... Անարդարությունը կարող է տեւել որոշակի ժամանակ, կարող է ձգվել տասնամյակներ, բայց հավերժ՝ երբեք: Ու պայթելու է համբերության բաժակը, ժայթքելու է արդարության կիրքը, ինչպես ապացուցեց մեր ժողովուրդը անցյալ դարի սկզբին եւ ավարտին»:

«Ներկայիս անարդարությունը հայությունը տանում է նույն ատամկրճտուքով՝ իբրեւ լուծում տեսնելով հայրենիքը լքելը, օտար ափերում ընտանիքի համար ապրուստ հայթայթելը: Բայց շատերի, հիմնական մասի համար դա լուծում չէ: Իսկ որ ելքը փորձելու են գտնել՝ միանշանակ է», - նշում է «Երկիր»-ը: - «Ժամանակն է բոլորը գիտակցեն, որ հասարակական հանդուրժողականությունը, քաղաքացիական գիտակցությունը եւ ներազգային համերաշխությունը հիմնվում է հասարակական արդարության վրա... Ի վերջո, հայության իդեալը ոչ միայն անկախ, այլեւ Ազատ Հայաստանն է»:

«Մենք կողմ ենք մահապատժի վերացմանը, եթե մեր հասարակության զարգացման համար պետության կողմից ապահովված լինեն բարոյական ու տնտեսական բոլոր բարենպաստ կենսապայմանները», - իր մոտեցումն է այսօր ներկայացնում «Ժամանակ» թերթը: - «Մահապատիժը պետք է վերացվի այնպիսի պայմանների առկայությամբ, որ այն չփոխարինվի անպատժելիությամբ, ինչին, անշուշտ, կհետեւի անարխիան»:

Մյուս կողմից, «Ժամանակ»-ում ընդգծված է. «Ծիծաղելի է «Հոկտեմբերի 27»-ը հայրենիքի դավաճանություն որակելը: Փառք Աստծո, չեն սասանվել մեր հայրենիքի սահմանները, երկրում կայուն խաղաղություն է, պետությունը վարում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը... Ողբերգությունը որեւէ կուսակցության իրավունք չի վերապահում անցողիկ արժեքներով փոխանակել պատմական նշանակություն ունեցող արժեքները»:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ՝ «Քաղաքական շրջանակներում վերջին ժամանակներս աշխուժորեն քննարկվում են լուրերն այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀՇ-ն պատրաստվում է խաղի մեջ մտցնել մի քանի ամիս մեզանում վարչապետ աշխատած եւ ներկայումս Լոնդոնում բնակվող Արմեն Սարգսյանին: Ասում են նաեւ, որ Վաչե Սարգսյանը պատրաստ է ՀՀՇ-ի դրածոյի նախընտրական քարոզարշավի համար հատկացնել մոտ 50 մլն դոլար»:

Այս հենքի վրա «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը զարգացրել է, որ «Արմեն Սարգսյան շղարշի տակ քողարկված ՀՀՇ-ի իրական կերպարի մեջ հանդես եկող քաղաքական թիմի վերադարձը Հայաստանի արտաքին կողմնորոշումները փոխելու նպատակով Արեւմունքի որոշակի շրջանակների կողմից վաղուց մշակվող ծրագրերի իրականացման հերթական հանգրվանն է, եւ դրան անխուսափելիորեն հետեւելու է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը՝ թուրք-ադրբեջանական ծանոթ սցենարով եւ Հայաստանի վերածումը մի սովորական բանանային երկրի»:

Բայց, - իվերջո իր հաղթաթուղթն է ներկայացնում մեկնաբանը, - «մեկ բան հաշվի չեն առել հայրենի «գեոպոլիտիկները»՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքը, որի համար Արմեն Սարգսյանի (իրականում ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի) իշխանության վերադարձը հավասարազոր է լինելու Հայաստանի փաստացի կորստյանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG