Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը եւ Մութալիբովը չեն կանգնի Հաագայի դատարանի առջեւ


Այսօր հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծառայությունը հրապարակեց մի սենսացիոն հայտարարություն, ըստ որի Հաագայի պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանում Միլոշեւիչի դատավարության ժամանակ գլխավոր դատախազ Կարլա Դել Պոնտեն իր ելույթում հիշատակել է նաեւ նախկին խորհրդային մի քանի հանրապետությունների ղեկավարների՝ իբրեւ պատերազմի հնարավոր հանցագործների:

Վկայակոչելով ադրբեջանական «Զերկալո» թերթը, «Հայլուր» ծրագիրը մեջբերել է Կարլա Դել Պոնտեի ելույթի այդ հատվածը. «Պարոնայք նախկին կոմունիստներ՝ Ելցին, Շեւարդնաձե, Տեր-Պետրոսյան եւ Մութալիբով, պատրաստ եղեք, հերթը ձերն է»:

Այսօր Հաագայի պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանի մամլո ծառայությունը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տրամադրեց Կարլա Դել Պոնտեի ելույթի սղագրությունը: Հինգ էջի վրա շարադրված այդ ելույթում որեւէ հիշատակություն չկա, ոչ' Ելցինի, ոչ' Շեւարդնաձեի, ոչ' Տեր-Պետրոսյանի եւ ո'չ էլ Մութալիբովի մասին:

Իր ելույթում Կարլա Դել Պոնտեն խոսել է միայն Միլոշեւիչի եւ նախկին Հարավսլավիայի պատերազմում մարդկության դեմ հանցանքներ գործած այլ մարդկանց պատժելու կարեւորության մասին: Իտալական եւ ռուսական մաֆիոզ խմբավորումների ֆինանսական չարաշահումները հաջողությամբ բացահայտած Դել Պոնտեն միաժամանակ հույս է հայտնել, որ Միլոշեւիչի դատավարությունը կարող է պատերազմական հանցագործությունների դատարանի աշխատանքի եզրափակիչ փուլը դառնալ, ինչը նշանակում է, որ դատարանը նոր հանցագործներ որոնելու մտադրություն ամենեւին չունի:

Ինչպե՞ս է ծնվել լրատվական այս հորինվածքը: Տարբեր լրատվական ծառայությունների մանրազնին ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ Ելցինին, Շեւարդնաձեին, Տեր-Պետրոսյանին եւ Մութալիբովին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու Դել Պոնտեի մտադրույթան մասին լուրը Ադրբեջանական «Զերկալո» թերթը վերցրել է ադրբեջանական «ԱՆՍ» անկախ հեռուստակայանից:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նույնպես հաստատեց, որ «ԱՆՍ» հեռուստակայանի այդ սենսացիոն հաղորդագրությունը փաստորեն անբարեխիղճ լրագրողական աշխատանքի արդյունք է: «GazetaSNG» ինտերնետային էջում ռուս լրագրող Ալեքսանդր 0րլովը, վերլուծելով Միլոշեւիչի դատավարությունը, գրում է, որ ԱՊՀ տարածքում նույնպես շատ անմեղ մարդկանց արյուն է հոսել: «Այնպես, որ պարոնայք Ելցին, Լեւոն Տեր-Պետրոսյան, Շեւարդնաձե, Մութալիբով, հերթը կարող է ձեզ էլ հասնել», - եզրակացնում է ռուս լրագրողը:

Եվ ահա Ալեքսանդր 0րլովի այս ենթադրությունը ադրբեջանական «ԱՆՍ» հեռուստակայանը վերագրել է Կարլա Դել Պոնտեին: Իսկ ադրբեջանական մի շարք թերթեր, ինչպես նաեւ հայկական լրատվական որոշ գործակալություններ լրատվական այդ հորինվածքը ներկայացրել են իբրեւ իրականություն:


Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG