Մատչելիության հղումներ

Կդառնա՞ արդյոք Հայաստանը Հարավ-Արեւմտյան դաշինքի անդամ


Սեպտեմբերի 11-ից հետո սրընթաց զարգացող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանն ապագայում կարող է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամից վերածվել նոր՝ Հարավ-Արեւմտյան դաշինքի անդամի: Խոսքը քրիստոնեական պետությունների մի դաշինքի մասին է, որն արդեն ձեւավորվում է ԱՊՀ հիմքի վրա՝ ներառելով Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան եւ Հայաստանը:

Հնգյակի առանցքն ու կորիզը, բնականաբար, Ռուսաստանն է, որի հետ մյուս չորս պետությունները առավել սերտ կապեր ունեն:

Վերջին ամիսներին հենց ռուս մեկնաբաններն են բազմիցս նշում, որ Մոսկվան կարծես թե համակերպվել է այն մտքին, որ ի վերջո կորցնելու է իր վճռորոշ ազդեցությունը Միջին Ասիայում եւ, մասամբ, Հարավային Կովկասում: Դրա վկայությունն է ամերիկացիների ռազմական ներկայությունը Միջին Ասիայում, ինչպես նաեւ Գաբալայի ռադարային կայանի շահավետ պայմաններով հանձնումը Ադրբեջանին:

Թեեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարեց, որ Ալմա Աթիում մարտի մեկին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում բարձրացնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներում օտարերկրյա, այսինքն՝ ամերիկյան ռազմակայանների ստեղծման հարցը, նրա նախաձեռնությունը դժվար թե լայն աջակցություն գտնի: Եվ առաջին հերթին՝ հենց Ռուսաստանի կողմից:

Ռուսաստանն, ինչպես երեւում է, մտադիր չէ անտեղի ջլատել առանց այդ էլ տկար ուժերը եւ հավերժ պայքար մղել ազդեցության ոլորտների համար: Ավելին՝ Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով շահեկան է ամերիկացիների ներկայությունը Միջին Ասիայում. հաստատվելով այնտեղ, ամերիկացիները թույլ չեն տա, որ գլուխ բարձրացնի մահմեդական արմատականությունը, որի տարածումից երկյուղում է Մոսկվան:

Եվ վերջապես, կա արդեն իրողություն դարձած հանգամանք՝ Թուրքիան հաստատվել եւ հաստատվում է Միջին Ասիայում, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում ու Վրաստանում: Նույնն են անում նաեւ արեւմտյան խոշորագույն ընկերությունները, որոնց հետ Ռուսաստանը չի կարող մրցակցել:

Այս ամենը մեկնաբաններին թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է թեքվելու դեպի Եվրոպա, իր հետ տանելով ԱՊՀ այն անդամներին, որոնք պատրաստ են Ռուսաստանի հետ միասին գնալ այդ ուղղությամբ:

«Ռուսաստանը անվերադարձ կորցրել է առնչությունները միջինասիական գրեթե բոլոր հանրապետությունների հետ, բացի Տաջիկստանից, եւ եթե Պուտինին հաջողվի Ռուսաստանի հովանու ներքո հավաքել Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանն ու Բելառուսը, այս նոր դաշինքը կարող է ավելի ուժեղ լինել, քան Եվրամիությունը», - եզրակացնում է «Ֆինանսովայա Ռոսիա» պարբերականը:

Իսկապես, հենց այս չորս պետություններն են պահպանում ամենասերտ կապերը Ռուսաստանի հետ: Բելառուսի ձգտումը դեպի Ռուսաստան հանրահայտ է, բայց մինչեւ այժմ դրան խոչընդոտում էր սեփականաշնորհման գործընթացի դանդաղումը Բելառուսում: Այս շաբաթ Լուկաշենկոյի վարչակազմը համաձայնեց բաժնետիրական ընկերություններ դարձնել խոշորագույն պետական ձեռնարկությունները, ինչին անհամբերությամբ սպասում էին ռուսաստանցի գործարարները:

Ուկրաինայում ռուսաստանցի գործարարները վաղուց են հաստատվել: Ըստ մոսկովյան մամուլի, նրանք արդեն տնօրինում են ուկրաինական ձեռնարկությունների մեծ մասը: Հենց այսօր էլ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման հանդիպումներ է ունենում Սիբիրում:

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա թեեւ այսօր մայրաքաղաք Քիշնեւում ուսանողները բողոքի ցույց էին կազմակերպել ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու մտադրության դեմ, դիտորդները փաստում են՝ մինչ խորհրդարանը քննարկում է երկքաղաքացիության իրավունք սահմանելու հարցը, 4 միլիոնանոց Մոլդովայի բնակիչների մեկ քառորդն արդեն երկրորդ քաղաքացիությունն ունի՝ հիմնականում Ռուսաստանի:

Հայաստանի եւ Ռուսաստանի մտերմության մասին խոսելն ավելորդ է: Բացի ռազմակայանից Ռուսաստանը Հայաստանում նաեւ խոշոր ձեռնարկություններ է ձեռք բերում: Հանրահայտ է նաեւ, որ Հայաստանում գոյություն չունի գեթ մի քաղաքական ուժ, որը հանդես գար Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու դեմ:

Եվ այսպես, ԱՊՀ-ի հարավ-արեւմտյան մասում բնականոն կերպով ձեւավորվում է քրիստոնեական մի հնգյակ, որի շարժումը դեպի Եվրոպա կարող է շատ ավելի արագ կատարվել, քան ողջ ԱՊՀ-ինը, քանզի հայտնի է եվրոպացիների վերապահ վերաբերմունքը մահմեդական աշխարհի նկատմամբ, ինչի վառ օրինակն է Թուրքիայի բազմամյա սպասումը Եվրամիության փակ դռների առջեւ:

Եվ եթե համաձայնենք ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի երեկ հնչեցրած կարծիքին՝ Ռուսաստանը գիտի, որ իր ապագան կապված է Արեւմուտքի հետ, կարող ենք նաեւ կանխատեսել. Հարավ-Արեւմտյան դաշինքի ժողովուրդների համար Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ ոչ դյուրին երկընտրանքը կարող է փոխարինվել շատ ավելի ընդունելի ձեւակերպմամբ՝ Ռուսաստանի հետ դեպի Արեւմուտք:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG