Շարունակում է պահպանվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում ամիսներ առաջ ծագած լարվածությունը, որի պատճառը ֆինանսական հարցերն են: Ըստ երգիչների, գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը չի վճարել իրենց հասանելիք գումարները:
Երգիչների խոսքերով, մի քանի ամիս առաջ իրենց պատահաբար հայտնի է դարձել, որ մոսկվաբնակ հայ գործարար Սենիկ Գեւորգյանը սկսած 2000 թվականից յուրաքանչյուր ամիս 8300 դոլար գումար է փոխանցել երգչախմբին, եւ իրենցից յուրաքանչյուրը պետք է ամսեկան 100 դոլար ստանար: Իրականում իրենք ստացել են 20-ական դոլար, եւ Հովհաննես Չեքիջյանն էլ իրենց չի ասել, որ երգչախումբը հովանավոր ունի:
Ստեղծագործական առումով երգչախմբում խնդիրներ չկան: Երգիչները անհիմն են համարում այն խոսակցությունները, թե Չեքիջյանի փոխարեն երգչախմբի գեղարվեստական ղեկավար է նշանակվելու Տիգրան Հեքեքյանը.
Նրանց կարծիքով, որպես երգչախմբի ղեկավար Հովաննես Չեքիջյանն անփոխարինելի է, միասին կշարունակեն աշխատել, միայն թե ստանան իրենց հասանելիք մնացած գումարները՝ յուրաքանչյուրը մոտ 1500 դոլար: Նրանք բողոքներով դիմել են Հայաստանի մշակույթի նախարարություն եւ Սենիկ Գեւորգյանի «Պրոմեթեյ» բանկ:
Բանկում հաստատեցին, որ 2000 թվականի հունվարից սկսած, ամեն ամիս Հովհաննես Չեքիջյանը 8300 դոլար է ստացել: Նշված գումարը «Չեքիջյան» ֆոնդին փոխանցել է Սենիկ Գեւորգյանի «Անդրնավթգազշին» ընկերությունը՝ այն հաշվարկով, որ երգչախմբի յուրաքանչուր անդամ ստանա 100 դոլար: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 192 հազար դոլար:
Անցած տարվա վերջին երեք ամիսներին բանկը 100-ական դոլարը վճարել է անմիջապես երգիչներին՝ մշակույթի նախարարությունից ստացված ցուցակով:
«Խիստ վիրավորված եմ, որովհետեւ այդ գումարները պետք է օգտագործվեին միայն նպատակային՝ լինի դա երգչախումբ, թե ստեղծագործական այլ կոլեկտիվ: Իսկ նման փաստերի դեպքում ոչ մեկը չի ցանկանա նրանց ֆինանսավորել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Պրոմեթեյ» բանկի կառավարիչ Էմիլ Սողոմոնյանը, ավելացնելով, որ ընթացիկ տարվա սկզբից Սենիկ Գեւորգյանը դադարել է հովանավորել երգչախմբին:
Հովհաննես Չեքիջյանը խոսքերով, այս ամբողջ պատմությունը թյուրիմացության արդյունք է. «Չեքիջյան» հիմնադրամի եւ հովանավոր ընկերության միջեւ չկա գրավոր որեւէ փաստաթուղթ, որտեղ գրված է, թե երգիչները պետք է ամսական 100 դոլար ստանային: «Չեքիջյան» ֆոնդը հովանավորից գումար է ստացել երգչախմբի կարիքների համար եւ կատարված ծախսերի հաշվետվությունները ներկայացրել է բանկ:
Բանկում, սակայն, ասացին, որ փորձասենյակի շինարարության, երգչախմբի կամ միայն Չեքիջյանի ուղեւորությունների ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները կապ չունեն գումար հատկացնելու նպատակի հետ, պնդելով, թե օժանդակությունը նախատեսված էր միայն երգիչների համար:
Ներկայումս երգչախմբի գրասենյակում ստուգումներ են անցկացնում մշակույթի նախարարության ներկայացուցիչները:
Հրաչ Մելքումյան, Երեւան
Ուղիղ հեռարձակում