Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով որոշ վերին պաշտոնյաների ակնարկներին, թե րոպեավճար չկիրառելու մասին նախարար Անդրանիկ Մանուկյանի անպատասխանատու հայտարարությունները ստվեր են գցում ողջ կառավարության վրա, «Առավոտ» թերթը նշում է. «Ստացվում է... նախարարական մնացած կազմը, վստահ էր, որ ըստ պայմանագրի եւ լիցենզիայի՝ րոպեավճարն անխուսափելի է։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ նախագահը կամ վարչապետը չէին արգելում պրն Մանուկյանին անել նման հայտարարություններ։ Եվ ինչո՞ւ նույն այդ վարչապետն ի սկզբանե տեղյակ չէր պահում նախարարին «ԱրմենՏելի» հետ կնքած պայմանագրի համապատասխան կետի մասին, համաձայն որի՝ հայոց կառավարության անդամներն իրավունք չունեն արգելել րոպեավճարի կիրառումը»։
Այնպես որ, անբիծ կառավարության վրա ստվեր գցելու մեղադրանք պետք է ներկայացնել նախ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։

«Ո՞րն է գաղտնիքը, որ Անդրանիկ Մարգարյանի ուղղությամբ շպրտված ցեխը այդպես էլ նրան չի դիպչում»: Իր ձեւակերպած այս գաղտնիքի փնտրտուքում «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբաններից մեկը խիստ արժեվորել է վարչապետի հավասարակշիռ, քաղաքական խարդավանքներից հեռու, գործնական կեցվածքը, եզրակացնելով, որ զանազան հակասությունների ու պաշտոնաթողությունների մասին հորինվածքները Անդրանիկ Մարգարյանի դեմ անօգուտ են:

Նույն թեմայի շրջանակում «Հայկական ժամանակ» թերթն էլ ընդդիմության անպտուղ ճղաձգում է տեսնում՝ մասնավորապես մատնանշելով, որ հիմա էլ ինչ-որ անկայունության հասնելու համար փորձեր են արվում լարվածություն ստեղծել վարչապետի կուսակցության եւ Դաշնակցության միջեւ:

Կոմկուսի խմբակցության նախագահ Ֆրունզե Խառատյանը «Հայոց Աշխարհ»-ում այսօր ասում է. «Կոմկուսը համագործակցության եզրեր ունի անգամ Դաշնակցության հետ»:

«Բայց դա սուբյեկտիվ պատճառներով չի ստացվում: Դաշնակցական մամուլն եմ բացում՝ մեզ են հայհոյում, մեր թերթն եմ կարդում՝ հայհոյում են Դաշնակցությանը: Փոխանակ ընդհանուր եզրեր գտնելու եւ լուրջ միասնական ծրագրի հիմքի վրա փոխհամաձայնության գալու, հայաստանյան կուսակցություններն առաջնորդվում են սեփական ես-ը առաջ մղելու տղայական հիվանդությամբ: Սա մեզ ոչ մի լավ բանի չի բերի, դա ազգային դժբախտություն է»:

«Անհրաժեշտ է նախ՝ երկիրը հանել այս ծանր վիճակից, ապա միայն՝ յուրաքանչյուր կուսակցություն թող քարոզի իր դավանած գաղափարական սկզբունքները: Այսօր ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել ճգնաժամից», - շեշտում է Ֆրունզե Խառատյանը:

Մեղադրանքներին ի պատասխան, թե գլխավոր դատախազությունը փորձում է Վազգեն Սարգսյանին հանցագործ ներկայացնել, գլխավոր դատախազ Թամազյանը երեկվանից պարզաբանում է, որ ընդհակառակը. «Փետրվարի 4-ին իմ կայացրած որոշումը նշանակում է, որ չեմ համաձայնել քննիչի հունվարի 17-ի որոշման այն ձեւակերպմանը, թե Վազգեն Սարգսյանի, Արծրուն Մարգարյանի եւ Մովսես Գեղանգուլյանի մասով գործի վարույթը պետք է կարճել նրանց մահվան պատճառաբանությամբ: Իսկ հակառակ եմ եղել այդ ձեւակերպմանը, քանզի դրանից կարծես թե անուղղակի երեւում է, որ նրանք ինչ-ինչ գործողություններ են կատարել, սակայն մահվան պատճառաբանությամբ է վարույթը կարճվել: Դրա համար էլ գտնելով, որ բավարար ապացույցներ չեն եղել այսպիսի հետեւություն անելու համար, քննիչի որոշումը վերացվել է» («Հայոց Աշխարհ»):

Չնայած սրան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հատուկ միտում է տեսնում, որ հենց հիմա, «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը զուգահեռ իր եղբոր անունը նման կերպով են արծարծում:

«Նույնիսկ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր, իշխանությունների ասելով, 95-ին կամ 96-ին տուժել են իրենց դեմ կատարված ոտնձգություններից, բարոյական չի համարում այսօր Վ.Սարգսյանին հետմահու մեղադրանքներ առաջադրելն ու նրա դեմ ցուցմունքներ տալը: Դա միայն մեր «բարի» եւ «ոչ թունավոր» իշխանությունների բարոյականության շրջանակներում է տեղավորվում», - ասում է Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում: - «Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները Վազգենին դատելու իրավունքն ունեն իրենց բարոյականությամբ ու կեցվածքով: Չեմ կարծում նաեւ, թե այս իշխանությունները Վ.Սարգսյանից լավն են կամ այն ժամանակ նրա կատարած քայլերին, եթե եղել են այնպիսիք, որոնք ենթակա են պատասխանատվության, դեմ կամ անմասն են եղել կամ, որ իրենք զերծ են եղել նման քայլերից»:

Վազգեն Սարգսյանի մայրն էլ «Հայկական ժամանակ»-ում ասում է. «Այսօր վարկաբեկման այդ նողկալի գործընթացի գրեթե բոլոր մասնակիցները եղել են մեր տանը, այս տանը հաց են կիսել ու հիմա զբաղված են դիակապտությամբ: Նրանք մոռանում են, որ իշխանությունը հավերժ չէ, եւ գալու է նաեւ իրենց հատուցման օրը»:

Դիտարկելով Հայաստանում կոմպրոմատի բացարձակ արժեզկման ֆենոմենը, «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. «Երկիրն այսօր ասես ապրում է հրաբխի վրա: Ամեն կողմից ժայթքում են կոմպրոմատի հեղեղները, ամեն ինչ ողողված է մերկացումների լավայով ու պատված տարբեր տեսակի մեքենայությունների, յուրացումների, կաշառակերության մեջ մեղադրանքների մոխրով... Մյուս կողմից՝ չափազանց դժվար է բերել գոնե մի քանի օրինակ, երբ այս կամ այն պաշտոնյային վարկաբեկող հրապարակումներն ու լուսանկարները հասել են իրենց նպատակին»:

«Կոմպրոմատը չի ազդում հասարակության վրա, որովհետեւ կոմպրոմատը չի ազդում իշխանության վրա», - շեշտում է խմբագիրը: - «Մեզանում իշխանությունը առանձնապես չի ձգտում հստակություն մտցնել եւ հերքել իրեն վարկաբեկող լուրերը», եւ պաշտոնյաներն էլ, վստահ, որ պատիժ չեն կրի, ուշադրություն չեն դարձնում հրապարակային մեղադրանքներին:

Վերջին շրջանի երկրաշարժային ակտիվության հարուցած անհանգիստ լուրերի կապակցությամբ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից մի հավաստիացում էլ «Ազգ» թերթն է փոխանցում, որ «ուժգին երկրաշարժ Հայաստանին մոտակա ժամանակում չի սպառնում», «դեռ մեկ ամիս կշարունակվեն ընդամենը արդեն եղածների ուժգնության երկրաշարժեր, որոնք որեւէ վտանգ չեն ներկայացնում»:

Այսուհանդերձ, «Ազգ»-ում եւս մեկ անգամ ընդգծված է , որ «զգոնությունը խուճապից կամ հետաձգված խուճապից նախընտրելի է», եւ շատ կարեւոր է մնում բնակչությանը արագ ու առավել բաց տեղեկատվություն հասցնող տեխնիկական համակարգի ներդնումը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG