Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը վերացնում է Վազգեն Սարգսյանի նկատմամբ գործի կարճման մասին որոշումը


Հունվարի 17-ին գլխավոր դատախազության քննիչ Հակոբ Բաբայանն ավարտեց կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի մասով քրեական գործի նախաքննությունը: Մուշեղ Սաղաթելյանը, ի թիվս այլնի, մեղադրվում էր նաեւ 1995 թվականի հունիսին Երեւանի բուսաբանական այգու տարածքում բարձրաստիճան այլ անձանց հետ ՆԳՆ նախկին բարձրաստիճան սպաների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար:

Ըստ որոշ ականատես վկաների եւ տուժողների տված ցուցմունքների, Մուշեղ Սաղաթելյանից բացի սպաների նկատմամբ գործադրված բռնություններին մասնակցել են այն ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանը, նրա թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանը, ինչպես նաեւ այդ տարիներին ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Վերջին երեքն էլ այսօր կենդանի չեն:

Եվ տրամաբանական էր, որ քննիչ Բաբայանը հունվարի 17-ի որոշմամբ նրանց մահվան կապակցությամբ գործի այդ մասը կարճեց: Մի քանի օր անց, սակայն, «Առավոտ» թերթի հրապարակման մեջ գլխավոր դատախազությունը մեղադրվում էր մահացած մարդկանց եւ մասնավորապես Վազգեն Սարգսյանի անունը մրոտելու համար:

Հրապարակումից հետո գլխավոր դատախազությունը պատասխան բացատրություններ եւ պարզաբանումներ ներկայացրեց: Իսկ փետրվարի 4-ին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը մեկ այլ որոշում կայացրեց: Այն է՝ վերացնել Վազգեն Սարգսյանի եւ մյուսների մասով կայացրած կարճման որոշումը:

«Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ բավարար ապացույցներ են ձեռք բերվել... ապա մյուսների մասով նախաքննությունը անհրաժեշտ է շարունակել գործից անջատված մասի շրջանակներում, որից հետո հանգել վերջնական եզրակացության», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանը:

Անջատված մասով քրեական գործում կան ցուցմունքներ, որոնց հանաձայն, բարձրաստիճան սպաների նկատմամբ բռնություններ են գործադրել Ռոմեն Ղազարյանը՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը եւ այլոք:

Սակայն դեռեւս այդքան էլ հասկանալի չէ գլխավոր դատախազի որոշման նպատակը: Գործով մի քանի վկա բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին ցուցմունք տվել են, չի հարցաքննվել միայն մեկ վկա, կատարված բռնությունների համար կասկածվողներն էլ մահացած են: Ի՞նչ նոր հանգամանքներ կարող է քննությամբ բացահայտվել:

Ի հակադրություն այն կարծիքի, թե նպատակը ինչ-որ մեղքեր ապացուցելն է, տեսակետ կա նաեւ, թե հետապնդվում է կասկածները փարատելու նպատակ: Ապացուցել, որ հատկապես Վազգեն Սարգսյանի անունը արատավորելու որեւէ միտում չեն ունեցել: Եվ նախկին որոշումը վերացնելով, փաստորեն ուզում են ինչ-որ չափով վերջ դնել շահարկումներին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG