Մատչելիության հղումներ

Հանձնվեցին Հայ օգնության ֆոնդի դրամաշնորհները





Գիտության եւ կրթության ազգային հիմնադրամը, որ ստեղծվել ու գործում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) շրջանակներում, դրամաշնորհներ հանձնեց այն հայ գիտնականներին, ում առաջարկած 26 թեմաները հաստատվել են ամերիկահայ նշանավոր գիտնականներից կազմված հեղինակավոր հանձնախմբի կողմից:

«Անցած տարի ութսուն գիտնականներից շահեցին 22-ը: Այս տարի դիմողների թիվը եռապատկվեց՝ հասնելով 260-ի, որոնցից հաստատվեցին 26 գիտական թեմաներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակի լրատվության պատասխանատու Լեւոն Լաճիկյանը, ավելացնելով, որ յուրաքանչյուր թեմայի համար դրամաշնորհը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:

«Սա Հայ օգնության ֆոնդի ցանկությունն է, որ կանխվի ուղեղների արտահոսքը, որովհետեւ գիտական սերուցքը կորցնելուց հետո Հայաստանը կվերածվի երրորդական մի պետության», - ասաց Լեւոն Լաճիկյանը:

Երեւանի պետական համալսարանում դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա Հայաստանի գիտության ու կրթության նախարար Լեւոն Մկրտչանը, ի գնահատումն հայ գիտական ու կրթական մտքին ցուցաբերվող աջակցության, ՀՕՖ-ի գործադիր տնօրենին պարգեւատրեց նախարարության պատվորագրով եւ ոսկե շքանշանով:

ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առկա դժվարությունները հնարավորություն չեն տալիս լիարժեք գիտական հետազոտություններ կատարել հատկապես բնական եւ ճշգրիտ գիտությունների բնագավառում: Ոստի նա շատ բարձր գնահատեց ՀՕՖ-ի աջակցությունն այս բնագավառում, ասելով, որ այն չի կարող չնպաստել գիտության հետագա զարգացմանը:

Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ դրամաշնորհ ստացած թեմաների ճնշող մեծամասնությունը բնագիտության բնագավառից են. 26 թեմաներից միայն երկուսն են վերաբերում հումանիտար գիտություններին:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG