Մատչելիության հղումներ

Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձը նախկինում պաշտոնավարել է պետական կառույցներում


Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով հունվարի 26-ին ձերբակալված Հայաստանի քաղաքացին թուրքագետ Մուրադ Բոջոլյանն է: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով՝ «Հայրենիքի դավաճանություն՝ լրտեսության ձեւով»: Հոդվածով նախատեսված պատիժը խիստ է՝ մահապատիժ կամ 10-15 տարվա ազատազրկում:

Ըստ որոշ լուրերի, Բոջոլյանը ձերբակալվել է Թուրքիա մեկնելիս: Բագրատաշենի անցակետում նրան իջեցրել են ավտոբուսից:

Բոջոլյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Բալաբանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վրդովված է ազգային անվտանգության նախարարության հաղորդագրությամբ, ասելով, որ քննությունը նոր է սկսվել եւ դեռ պետք է ապացուցվի, որ Բոջոլյանը իսկապես լրտեսել է հօգուտ Թուրքիայի:

«Իմ ամուսինն անմեղ է, դա սարքած գործ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բոջոլյանի կինը՝ Լյուդմիլա Բոջոլյանը, ավելացնելով, թե Մուրադը ոչինչ չի թաքցրել, «ինչ արել է, արտաքին գործերի նախարարությունում իմացել են»:

Մուրադ Բոջոլյանը Հայաստանում հայտնի անձնավորություն է: Ծնվել է Թուրքիայում, Արեւելյան Անատոլիայի կենտրոնական շրջանում՝ Սեբասիայում: Նրանց ընտանիքը Հայաստան է ներգաղթել 1960-ականներին, երբ Մուրադը դեռ դպրոցահասակ պատանի էր: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Գիտական թեզ է պաշտպանել Մոսկվայում: Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում:

1990-ականների սկզբից աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես Թուրքիայի բաժնի վարիչ: Այնուհետեւ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչ:

Թուրքագետ Մուրադ Բոջոլյանը Թուրքիայի նկատմամբ համեմատաբար մեղմ դիրքորոշման կողմնակից էր: Դեմ էր սուր հարցեր բարձրացնելուն, սուր հրապարակումներին:

Բացի քաղաքական շփումներից, նրա անունը երեւացել է նաեւ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության բնագավառում: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մինչեւ 1997 թվականը Բոջոլյանը արտգործնախարարության կողմից կցված էր հայ-թուրքական գործարար խորհրդին՝ որպես թարգմանիչ:

Արսեն Ղազարյանը հերքեց, թե Բոջոլյանը եղել է այդ խորհրդի համանախագահ, ինչպես վերջինս երկու տարի առաջ ներկայացել էր «Ազատություն» ռադիոկայանին:

Վերջին երեք տարիների ընթացքում Բոջոլյանի հետ շփումներ չունեցած Ղազարյանը զարմացած էր, որ Մուրադը ձերբակալվել է նման մեղադրանքով: Այդուհանդերձ ասաց. - «Եթե մեղադրանք են ներկայացրել, ուրեմն ինչ-որ հիմքեր կան»:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Մուրադ Բոջոլյանը բավական հայտնի անձնավորություն է Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ լրագրողական շրջանակներում: Բազմիցս եղել է Թուրքիայում, հաճախ ուղեկցել է Թուրքիայից Հայաստան եկած լրագրողներին:

Անցած ամիս, ի թիվս այլ թուրք լրագրողների, Հայաստան ժամանած «Հյուրիեթ» թերթի թղթակից Ֆերայի Թինչը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Բոջոլյանը թղթակցում է իրենց թերթին: Ի դեպ, «Հյուրիեթ»-ը այսօրվա համարում առանց մեկնաբանությունների տպագրել է Մուրադ Բոջոլյանի ձերբակալության լուրը:

Վերջին երեք տարիներին Բոջոլյանը, իր ծանոթների խոսքերով, հեշտ չէր ապրում: Զբաղվում էր մանր առեւտրով: Թուրքիայից բերած էժանագին հագուստեղենը վաճառում էր Երեւանի «Փեթակ» տոնավաճառում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG