Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի հիմնական արտադրությունը կառավարման հանձնվեց հնդկական ընկերությանը


Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի առաջատարին՝ «Նաիրիտ»-ին առնչվող հերթական որոշումը, ըստ որի, հիմնական արտադրության, կամ, այսպես կոչված, «Նաիրիտ-1»-ի հավատարմագրային կառավարումը հանձնվեց Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։

Ըստ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի, այս ընկերությունը վաղուց զբաղվում է հայկական կաուչուկի վաճառքով ու բազմիցս ցանկություն է արտահայտել մասնավորեցնել «Նաիրիտը»:

Գնահատելով ընդունված որոշումը, նախարարն ասաց, թե դրանով «Նաիրիտ»-ի գործադիր կառավարման իրավունքը հանձնվում է հնդկական ընկերությանը, որը մեկ տարվա ընթացքում պետք է ի հայտ բերի առանցքային քիմիական ձեռնարկությունը շահույթով աշխատեցնելու կարողությունը:

Ճշմարիտյանը հավատարմագրային կառավարման հանձնելը միջանկյալ քայլ է համարում «Նաիրիտ»-ի մասնավորեցման ճանապարհին:

«Նաիրիտ»-ը, կարելի ասել, համակարգ է, եւ դրա մասնավորեցումը միանգամից կատարել նպատակահարմար չէր: Այս եղանակով մենք հետագայում ավելի համոզված ու նպատակամղված քայլեր կարող ենք իրականացնել», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Կառավարության կասկածամտությունը, թերեւս, բացատրելի է։ Հայտնի է, որ այլ հավասար պայմանների դեպքում հայկական կաուչուկը բարձր որակի եւ ցածր գնի շնորհիվ մրցունակ է համաշխարհային շուկայում, եւ «Նաիրիտ»-ը ողջ հզորությամբ աշխատեցնելու ու արտադրածը արտաքին շուկաներ արտահանելու դեպքում, հնարավոր է, որ ոլորտի առաջատար միջազգային ընկերությունները լուրջ խնդիրներ ունենան։ Այդ պատճառով, չի բացառվում, որ դրանցից ոմանք ցանկանան փակված տեսնել «Նաիրիտ»-ը։ Այդ նպատակին հասնելու ձեւերից մեկը կարող է լինել երրորդ աշխարհի որեւէ դրածո ընկերության միջոցով հայկական ընկերությունը սեփականացնելը եւ հետագայում փակելը:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն, հնդկական ընկերությունը խոստացել է մեկ տարուց ձեռնարկությունը գնելուց հետո նրա զարգացման մեջ ներդրնել մոտ 20 միլիոն դոլար։ Այդ գումարը, ըստ նախարարի, ծախսվելու է ձեռնարկության առողջացման վրա՝ «որպես թե' տեխնիկական եւ թե' տնտեսական միավոր»:

«Նաիրիտ»-ի արդիականացման ու այն միջազգային չափանիշներով էկոլոգիապես մաքուր արտադրություն դարձնելու համար, սակայն, անհրաժեշտ են շատ ավելի մեծ ներդրումներ: Որոշ գնահատումներով, մոտավորապես 80-100 միլիոն դոլար։

Կառավարության նախկին որոշումներից մեկով նախատեսվել է «Նաիրիտ- 1»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերությանը, որն, ի դեպ, անմիջական կապ ունի «Ռանսալթ»-ի հետ։ Ուկրաինական ընկերությունն էլ խոստացել է մոտավորապես նույն կարգի ներդրումներ անել «Նաիրիտ»-ում։

Այսօր հաստատված պայմանագրով, հնդկական ընկերությունը մի շարք պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ 60 օրվա ընթացքում գործարկել կաուչուկի արտադրությունը ու ապահովել դրա հետագա անխափան աշխատանքը, գործունեության ընթացքում նոր պարտքեր չկուտակել, իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, գոյանան, ապա փակել սեփական միջոցներով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG