Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշի հակաահաբեկչական ծրագիրը կարող է խաթարել Հայաստանի փոխլրացման քաղաքականությունը





Երեկ նախագահ Բուշը պատմեց ամերիկացի ժողովրդին, թե ինչպես է պատրաստվում ջախջախել ահաբեկչությունը՝ ներկայացնելով նախ թե ինչ ձեռքբերումներ ունի այդ պատերազմում: «ԱՄՆ-ը հաղթեց պատերազմում, ամերիկյան դրոշը ծածանվում է Քաբուլում: Բայց պատերազմը նոր է սկսվում», - հայտարարեց Ջորջ Բուշը:

Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է այն ավարտին հասցնել երկու փուլով: Տասնյակ երկրներում շարունակում են գործել «Հեզբոլա»-յի, «Համազ»-ի, «Իսլամական Ջիհադի» ահաբեկչական ճամբարները: Անհրաժեշտ է փակել ու ոչնչացնել այդ ահաբեկչական ճամբարները: «Մեր զորքերը արդեն Ֆիլիպիններում են, Բոսնիայում են, որտեղ օգնում են կառավարությանը ոչնչացնել եւ ձերբակալել մահմեդական ահաբեկիչներին», - ասաց նախագահ Բուշը:

Ահաբեկչության դեմ պատերազմի երկրորդ փուլը առնչվում է նաեւ մեր տարածաշրջանին: Առաջին անգամ Ջորջ Բուշը բացահայտորեն անվանեց այն երեք երկրներին, որոնք, նրա խոսքերով, սպառնում են Միացյալ Նահանգներին կամ նրա դաշնակիցներին զանգվածային բնաջնջման զենքերով եւ կազմում են չարիքի առանցքը՝ Հյուսիսային Կորեա, Իրան եւ Իրաք:

«Իրանը ագրեսիվ կերպով այդպիսի ծրագրեր է իրականացնում եւ արտահանում է ահաբեկչությունը, այն դեպքում, երբ մի քանի չընտրված պաշտոնյաներ ճնշում են Իրանի ժողովրդի ազատության հույսը», - ասաց ԱՄՆ նախագահը: Ահաբեկչությունը աջակցող մյուս երկիրը Իրաքն է, որը շարունակում է արտադրել կենսաբանական, քիմիական զենքեր, հովանավորում է ահաբեկչությունը: Ջորջ Բուշը խոստացավ, որ չի սպասի մինչեւ սպառնալիքները ահագնանան, ԱՄՆ-ը թույլ չի տա, որ աշխարհի ամենավտանգավոր ռեժիմները սպառնան կործանիչ զենքերով:

Իրաքն ու Կորեան իբրեւ ահաբեկչության դեմ պատերազմի հնարավոր թիրախ հռչակելը այնքան էլ զարմանալի չէր: Այդ մասին վաղուց էր խոսվում: Անակնկալը Իրանն էր, որը փաստորեն որակվեց իբրեւ «չարիքի առանցք»:

Հակաահաբեկչական պատերազմի առաջին փուլը վերաբերում է նաեւ Հայաստանին: Բիլլ Թեյլորի վերջին այցը եւ հայ-ամերիկյան միջկառավարական վերջին հանդիպումը Երեւանում փաստեց, որ Հայաստանն էլ է մասնակցելու ահաբեկչության դեմ պատերազմի առաջին փուլին: Ամերիկացիները խնդրեցին Հայաստանի իշխանություններին գտնել եւ սառեցնել ահաբեկիչների բանկային հաշիվները, թեեւ հայտնի չէ, թե նման հաշիվներ կա՞ն արդյոք հայկական բանկերում: Ամեն ինչ չի հրապարկվել, սակայն Հայաստանի պատվիրակության անդամների մամլո ասուլիսից պարզ դարձավ, որ խոսվել է նաեւ Հայաստանի արտաքին սահմանների հսկողությունը ուժեղացնելու մասին, մասնավորապես՝ միջուկային կամ կենսաբանական զենքերի արտադրության բաղադրամասերը Իրան փոխադրելը կանխելու նպատակով:

Հայտնի չէ, թե Հայաստանի կառավարության առջեւ ուրիշ ինչ պահանջներ են դրվել, բայց պարզ է, որ Հայաստանն էլ է մասնակցում ահաբեկչական կենտրոնների գործունեությունը խափանելու Բուշի ծրագրի առաջին փուլին: Հարեւան Ադրբեջանն էլ է ակտիվորեն ներգրավված այդ ծրագրերում: Միացյալ Նահանգները օգնելու է Ադրբեջանին հայտնաբերել ու կալանել ահաբեկիչների բանկային հաշիվները: «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձեւը կասեցնելուց հետո, ամերիկյան կառավարությունը շուջ 50 միլիոն դոլարի օժանդակություն է հատկացնելու Ադրբեջանին՝ Իրանի հետ այդ երկրի սահմանները ամրապնդելու նպատակով: ԱՄՆ-ը մտահոգված է, որ միջուկային բաղադրամասերը Իրան կարող են փոխադրվել Ադրբեջանից:

Նախագահ Ջորջ Բուշի ծրագիրը կարող է լուրջ տեղաշարժեր առաջացնել մեր տարածաշրջանում, եթե ԱՄՆ կտրուկ շրջադարձ կատարի Իրանի նկատմամբ իր քաղաքականության մեջ: Այս երկու երկրների հարաբերություններում Ջորջ Բուշի ընտրությունից հետո անդորր հաստատվեց: ԱՄՆ-ը հույս ուներ, որ Խաթամիի համոզիչ հաղթանակը ընտրություններում կխարխլի Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի դիրքերը: Բայց դա տեղի չունեցավ, եւ ԱՄՆ-ը այժմ կասկածանքով է հետեւում Իրանի քայլերին: Վաշինգտոնում կասկածներ կան, որ Իրանը կարող է խափանել Աֆղանստանի նոր կառավարության գործունեությունը, որ Իրանը իր ահաբեկչական կառույցների միջոցով փորձում է ապակայունացնել մերձավորարեւելյալ տարածաշրջանը:

Առայժմ դժվար է ասել, թե ինչպիսի մարմնավորում կստանա Իրանի դեմ աննախադեպ քննադատությունը: Արդյո՞ք Միացյալ Նահանգները կփորձի հեռակա հարվածներ հասցնել այդ երկրի հնարավոր ահաբեկչական կառույցներին, արդյո՞ք հակահաբեկչակական պատերազմը կմոտենա Հայաստանի սահմաններին:

Ջորջ Բուշի երեկվա ելույթը անարձագանք չմնաց, Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին խստորեն քննադատեց Բուշին: Խարազին հայտարարեց, թե Իրանը մերժում է այդ քննադատությունը եւ կարծում է, որ աշխարհը չի հանդուրժի ամերիկյան հեգեմոնիան:

Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրական գործընկերոջ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կտրուկ վատթարացումը չափազանց կդժվարացնի Երեւանի փոխլրացման արտաքին քաղաքականությունը: Վաշինգտոնը Հայաստանի առջեւ էլ կարող է դնել «կամ մեզ հետ, կամ մեր դեմ» երկընտրանքը:

Առայժմ աշխարհի քաղաքական կենտրոնները չեն հասցրել մարսել ԱՄՆ-ի նախագահի ելույթը: Փորձագետները նշում են, որ Վաշինգտոնը, այնուհանդերձ, ձեռնպահ կմնա Իրանի դեմ լուրջ քայլեր ձեռնարկելուց, նախ՝ եվրոպացիները դեմ կլինեն դրան եւ երկրորդ՝ եթե Բուշը ընդարձակի պատերազմական գործողությունների դաշտը, ապա դրա հիմնական թիրախը կլինի Իրաքը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG