Մատչելիության հղումներ

Կոմունիստները պահանջելու են կառավարության հրաժարականը


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) չի անդամակցելու ձախ ուժերի դաշինքին՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը: Կոմունիստները, սակայն, իրենց վեց անդամ ունեցող խորհրդարանական խմբակցությամբ պահանջելու են կառավարության հրաժարականը:

ՀԿԿ ղեկավարները չորեքշաբթի հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ կուսակցությունը չի անդամակցի «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը, քանի որ, ինչպես պարզաբանեցին կուսակցության նախագահ Վլադիմիր Դարբինյանը եւ ԱԺ կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը, իրենք սկզբունքորեն համաձայն չեն հունվարի կեսին միավորման ընդունած «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդել» ծրագրին: Սոցիալիզմը, նրանց խոսքերով, չի կարող դեմոկրատական չլինել:

ՀԿԿ, սակայն, կհամագործակցի «Սոցիալիստական Հայաստան»-ի հետ առանձին հարցերի շուրջ:

Ասուլիսում տեղեկացվեց նաեւ, որ կուսակցությունը ծրագրում է առաջիկայում Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրել: ՀԿԿ պատգամավորական խմբակցությունը պահանջելու է կառավարության հրաժարականը, քանի որ վերջինս, ըստ կոմունիստների, չի կատարել հեռախոսակապում րոպեավճար չկիրառելու մասին իր խոստումը:

«Կոչ կանենք քաղաքական բոլոր խումբ-խմբակցություններին, որ արտահերթ նիստ հրավիրվի այս իրավիճակը քննարկելու համար», - ասաց Գագիկ Թադեւոսյանը: Իսկ նրա գործընկեր Ֆրունզե Խառատյանը ավելացրեց. «Եվ պարզապես դնել կառավարության հրաժարական հարցը»:

Ազգային Ժողովը կարող է կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել պատգամավորների խնդրագրի կամ օրենսդրական նախաձեռնության կարգով: Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում Հայկոմկուսը հակված է հարցը ձեւակերպելու ոչ թե՝ անվստահություն կառավարությանը, այլ՝ րոպեավճարի կիրառման հետ կապված իրավիճակ:

Ավելի հավանական է, որ արտահերթ նիստը նախաձեռնվի «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցով եւ դրա ընթացքում՝ կառավարության հրաժարականի կոչեր հնչեցնելու ակնկալիքով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG