Մատչելիության հղումներ

907-ի կասեցումը չի խախտի ռազմական հավասարակշռությունը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում





Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց վաշինգտոնյան քաղաքական քննարկումների կենտրոնում: Նախագահ Ջորջ Բուշը երեկ պաշտոնապես կասեցրեց «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձեւը: Հայկական լոբբիստական խմբերի ջանքերով Կոնգրեսում ընդունված այս օրենսդրական լրացումը արգելում էր ամերիկյան կառավարությանը որեւէ օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը:

907 բանաձեւն ընդունվել էր 1992 թվականին, ներկայիս նախագահի հոր՝ ավագ Ջորջ Բուշի պաշտոնավարության տարիներին: Չնայած այդ լրացմանը, Ադրբեջանը ոչ կառավարական ամերիկյան կազմակերպությունների միջոցով բավական մեծ օժանդակություն էր ստանում: Խնդիրն, ուստի, ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական:

Մոսկվայից Բաքու վերադառնալուն պես նախագահ Հեյդար Ալիեւը երեկ օդանավակայանում իր գոհունակությունը հայտնեց լրագրողներին: Ադրբեջանի նախագահը ասաց, թե 907-ի կասեցման ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կողմն է կարեւոր իր համար:

Անդրադառնալով 907-ի կասեցման տնտեսական արդյունքներին, ադրբեջանական "Զերկալո" թերթը գրում է, թե այն միայն տասը միլիոնի օգուտ կբերի Ադրբեջանին, ինչը չնչին գումար է այդ նավթառատ երկրի համար: «Ադրբեջանն արդեն բավական հարուստ է, եւ եթե սկզբում կասեցումը ցանկալի էր ֆինանսական օգնություն ստանալու համար, ապա այժմ Միացյալ Նահանգների այդ քայլը միայն քաղաքական կարեւորություն ունի Ադրբեջանի համար», - հայտարարեց Հեյդար Ալիեւը:

Բանն այն է, որ 907 լրացումը Ադրբեջանը դասեց այն մի քանի երկրների շարքը, որոնք, ըստ ամերիկյան դասակարգման, համարվում են օրինազանց երկրներ: Կարճ ասած, Ադրբեջանը դասվեց «սեւ ցուցակում»՝ Կուբայի, Իրանի եւ Վաշինգտոնի համար այլ անցանկալի ռեժիմների կողքին, ինչը ստորացուցիչ էր Հեյդար Ալիեւի համար: Մինչդեռ ամերիկյան նավթային ընկերությունները տիրապետող դիրքեր էին նվաճել Բաքվի նավթարդյունաբերության մեջ: Ադրբեջանը, ըստ էության, պատժամիջոցների ռեժիմի տակ էր գտնվում: Այժմ այդ ռեժիմը կասեցվեց: Կասեցումը քաղաքական առումով Հեյդար Ալիեւի համար իսկապես նվաճում էր:

Մեր դիվանագիտությունը, ի դեպ, այնքան էլ դժգոհ չէ 907 բանաձեւի կասեցումից: Կասեցման մասին որոշումը կայացնելուց առաջ հայ լոբբիստական կազմակերպություններին հաջողվեց վերջին պահին մի կարեւոր պայման դնել, այն է՝ ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանին ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Կովկասի հայկական համայնքների դեմ: Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ նույնպես հավաստիացրեց, որ ամերիկյան ռազմական օգնությունը չի կարող օգտագործվել հայերի դեմ: Նախագահ Բուշը հայտնեց, որ մինչեւ կասեցման մասին որոշում կայացնելը ինքը այդ հարցը քննարկել է ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ:

Մեր լոբբիստական խմբերից Ամերիկայի հայկական համագումարն արդեն իսկ հայտարարել է, որ 907-ի կասեցման մասին որոշման մեջ պայմաններ կան դրված, որոնք երաշխավորում են Հայաստանի շահերը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է քննադատել կասեցումը եւ լուրջ վերապահություններ ունի:

Հայաստանի արտգործնախարարի կարծիքով, կասեցումը նույնիսկ կարող է նոր դաշտ բացել հայ-ամերիկյան փոխհարաբերությունների համար, մասնավորապես՝ ռազմական բնագավառում: Հայաստանի քաղաքական ուժերը, որ մտահոգություն ունեին, թե 907-ի կասեցումը որակական նոր մակարդակի վրա է դնում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հատկապես ռազմական բնագավառում, մատնանշում էին, որ Ադրբեջանը այդ օգնությունը կարող է օգտագործել Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար: Արտգործնախարար Վարդան 0սկանյանը համոզված է, որ նման վտանգ չկա:

«Երեւի այդ ամբողջ օրենքում ամենահստակ ձեւակերպում գտած մասը այդ անվտանգության մասն է, որտեղ սեւով սպիտակի վրա ասվում է, որ ցանկացած օգնություն, որ Ադրբեջանը ստանում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, չի կարող խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի գործընթացը, ինչը նաեւ նշանակում է, որ այն չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկրորդը, հստակորեն, ուղղակիորեն ասվում է, որ այդ օգնությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին անցած տարվա նոյեմբերին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական կենտրոնի կարծիքով, 907-ի կասեցումից հետո Միացյալ Նահանգները Ադրբեջանին տարեկան 50 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Հանդեսի վերլուծաբան Լեյլա Բատը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ այդ օգնությունը օգտագործվելու է Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման համար, հատկապես՝ Ադրբեջան-Իրան հատվածում, որպեսզի կանխվի զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության համար անհրաժեշտ նյութերի եւ սարքերի հնարավոր փոխադրումը Իրան:

«Էկոնոմիստ»-ի հետազոտական կենտրոնի գնահատմամբ, 907 բանաձեւի կասեցումը չի խոչընդոտի եւ չի խաթարի Ղարաբաղյան խաղաղ գործընթացը: Վերլուծաբան Լեյլա Բատը գտնում է, որ Ադրբեջանի բանակը չափազանց վատ է զինված եւ պատրաստված, այդ պատճառով Ադրբեջանը ռիսկի չի դիմի պատերազմելու ավելի լավ զինված հայկական բանակի դեմ:

Բացի այդ, բրիտանացի փորձագետի կարծիքով, Ադրբեջանը օտարերկրյա ուղղակի մեծ ներդրումներ է ստանում: Իսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նավթային ընկերությունները պարզապես կհեռանան: Ահա այս հանգամանքները նկատի առնելով, «Էկոնոմիստ»-ի հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լեյլա Բատը եզրակացնում է, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմել Հայաստանի դեմ:

Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG