Նախագահ Քոչարյանը Հայաստանի զինված ուժերի ստեղծման տասնամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում ունեցած իր ելույթում բանակի ստեղծումը բնորոշեց որպես մեր անկախ պետականության «առաջին ու գլխավոր ձեռքբերումը»:
Հայաստանի զինված ուժերը ստեղծվել են 1992 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին հրամանագրով: Այսօր Բանակի օրը Հայաստանում նշվում էր առաջին անգամ:
«Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են եւ խաղաղության հուսալի պատվարը։ Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը եւ այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը։ Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է», - ասաց Հայաստանի նախագահը։
Պաշտպանության նախարարությունում նախագահ Քոչարյանը մի շարք զինվորականների հանձնեց «Մարտական Խաչ» Առաջին եւ Երկրորդ աստիճանի շքանշաններ, բանակի ղեկավարներից ոմանց շնորհվեցին հերթական զինվորական կոչումները:
«Մեր բանակը եղել է 7 կա համընդհանուր հոգածության առարկա։ Բանակի խնդիրները՝ զինվորականների կենցաղային պայմաններից սկսած մինչեւ ռազմավարական հարցեր, միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում», - ընդգծեց նախագահ Քոչարյանը։ - «Այսուհետ այդ առանձնահատուկ ուշադրությունը բանակի նկատմամբ միայն մեծանալու է»։
Հայաստանի նախագահը նշեց նաեւ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած Վազգեն Սարգսյանի անունը: «Պետք է հատուկ նշել Վազգեն Սարգսյանի անունը: Նա ամենաբարդ իրավիճակում պատասխանատվություն էր ստանձնել ղեկավարելու Հայաստանի պաշտպանության նախարարությունը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ավելի ուշ կայացած հանդիսավոր նիստում Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանի հասցեին ջերմ խոսքեր ասաց նաեւ պաշտպանության նախարար ՍերԺ Սարգսյանը:
Հայաստանը նախագահը, պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, այսօր այցելեց Եռաբլուր, ուր թաղված են Ղարաբաղյան պատերազմում զոհված հարյուրավոր ազատամարտիկների աճյունները:
Արմեն Զաքարյան, Երեւան