Այսօր ուժի մեջ մտավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Սոչի քաղաքում ստորագրված «Համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» պայմանագիրը:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շեշտելով ստորագրված պայմանագրի կարեւոր նշանակությունը, պարզաբանեց. - «Եթե կարիք լինի, որ զորամիավորումները համատեղ ինչ-որ գործունեություն վարեն, այդ համատեղ գործունեության պլանավորումն է կարգավորում այս պայմանագիրը»:
Երկու երկրների խորհրդարանները պայմանագիրը արդեն վավերացրել են: Այն ուժի մեջ մտավ այսօր՝ այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարն ու Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը փոխանակեցին պայմանագրի վավերագրերը:
Անատոլի Դրյուկովի խոսքերով, երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը այս պայմանագրով որակական նոր զարգացում է ստանում:
«Այս պայմանագիրը, անկասկած, կնպաստի, որ սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ կիրառվեն», - ասաց դեսպանը, նշելով, որ նկատի ունի, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:
«Քայլ առ քայլ Հայաստանը խորացնում, ամրապնդում, իրավական փաստաթղթերով կանոնակարգում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը», - նշեց Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությանը ռազմական ոլորտում, Հայաստանի արտգործանախարարը ասաց. «Առանձնապես մենք այս պահին որեւէ լուրջ վտանգ չենք տեսնում»:
Նրա մեկնաբանությունը վերաբերում էր ահաբեկչության, թմրանյութերի տարածման դեմ համատեղ պայքարելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցությանը: Վերջերս այս երկրները նման բնույթի համաձայնագրեր են ստորագրել:
Իսկ ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմացման վերաբերյալ Օսկանյանը ասաց. «Բոլոր դրական տեղաշարժերին մեր տարածաշրջանում՝ լինի դա ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական, մենք այդ բոլորին շատ նորմալ ենք նայում»:
Նա հիշեցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքը. մեր խնդիրն է ոչ թե շահարկել տարբեր երկրների միջեւ եղած հակասությունները , այլ փորձել այդ հակասությունները մեղմացնելով՝ համատեղել ընդհանուր շահերը:
Հրաչ Մելքումյան, Երեւան