Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը «շատ ռիսկային» չի համարում Հայաստանի իրավիճակը


Փետրվարի 21-ին Լոնդոնում տեղի կունենա միջազգային դոնորների հանդիպումը արտաքին պարտքերով գերծանրաբեռնված ԱՊՀ յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական պատասխանատուների հետ։ Այս մասին եկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը:

«Սա պարտքի լուծում գտնելու վերաբերյալ ժողով չի լինելու, սա կլինի մտքերի փոխանակում այն երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի նախագահների հետ, որոնց արտաքին պարտքի փաթեթը մի քիչ ավելին է, որպեսզի լսվեն կարծիքներ, թե արդյո՞ք ինչ-որ գործողություններ հնարավոր է ձեռնարկել, որպեսզի իրավիճակը բարելավվի» , - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օուեյս Սաադաթը։

Վերջերս Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Յոհաննես Լիննը դոնորներին կոչ էր արել ավելացնել չքավորությունից, պարտքերից ու կաշառակերությունից սասանվող Հայաստանին եւ ԱՊՀ վեց այլ երկրներին տրվող միջազգային օգնությունը։ Ըստ Յոհաննես Լիննի, տարածաշրջանային անկայունության աճի սպառնալիքները կանխելու նպատակով պետք է չեզոքացնել այդ աղքատ երկրներից եկող ռիսկերը։

Թերեւս, կարելի է ենթադրել, որ տարածաշրջանի ամենից աղքատ ու հակամարտություններից հյուծված երկրներին օգնության ավելացումը հակաահաբեկչական ծրագրի բաղադրիչներից մեկն է, այլապես, անհասկանալի կլիներ, թե ինչու, օրինակ, արտաքին պարտքի ոչ այնքան վատ դիրք ունեցող Հայաստանը դրվել է նույն հարթության վրա, ինչ, ասենք, պարտքի հետ լուրջ խնդիրներ ունեցող Տաջիկստանը, Վրաստանը, Մոլդովան կամ Ղըրղզստանը։

Ներկայումս Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 850 միլիոն դոլար է: Դա կազմում է երկրի Համախառն ներքին արդյունքի մոտավորապես 42 տոկոսը, մինչդեռ, ռիսկային է համարվում, երբ այդ հարաբերությունն անցնում է 50 տոկոսից։ Իսկ, ասենք, վերը թվարկված երկրներում արտաքին պարտքը գրեթե հավասար է Համաքառն ներքին արդյունքին։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի խոսքերով, տարածաշրջանի յոթ երկրներին տրվելիք հավելյալ օգնությունը այդ երկրների կառավարությունները կարող են, օրինակ, օգտագործել երկրից ապրանքների արտահանումը խրախուսելու համար, ինչը, լրացուցիչ վալյուտային միջոցներ կապահովելով ու բյուջեն ավելացնելով, կմեծացնի արտաքին պարտքի սպասարկման հնարավորությունները:

«Սակայն, ես կցանկանամ, որպեսզի մեր լսարանը հասկանար, որ Հայաստանը շատ ռիսկային իրավիճակի մեջ չի գտնվում, արտահանումը շատ հստակ է ու այն աճում է, անցյալ տարի այն ավելացել է 12 տոկոսով, ինչը խրախուսելի աճ է», - իր խոսքում շեշտեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենը։

Դա, սակայն, բավարար չէ. տնտեսության մեջ լուրջ տեղաշարժեր ունենալու եւ կենսամակարդակի շոշափելի բարձրացման խնդիր լուծելու համար անհրաժեշտ է արտահանումն ավելացնել առնվազն 25 տոկոսով։ Այս թիվն, ի դեպ, ամրագրված է Անդրանիկ Մարգարյանի կաբինետի գործունեության երկարաժամկետ ծրագրում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG