Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը որոշակի վերապահումներով է ընդունում արդարադատության նախարարի հայտարարությունը, թե «ԱրմենՏել»-ի հետ բանակցությունները շատ հաջողված են, նշելով, որ թեեւ սա անցած տարվա սեպտեմբերին սպառնացող րոպեավճարը չէ, բայց բանակցություններից դուրս են մնացել եւ «ԱրմենՏել»-ին անհաճո շատ հարցեր:

«Փաստն այն է, որ կառավարությունը չկարողացավ կատարել րոպեավճարի կիրառումը կասեցնելու իր բազմակի խոստումները», - շեշտում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մեր իշխանությունները մի քանի ամիս մեծ-մեծ խոսելուց հետո ստորագրել են իրենց պարտության տակ: Այլ կերպ ասած, կրել ենք հերթական բարոյական հաղթականը»:

«Ազգ» թեթրի մեկնաբանի միջանկյալ ամփոփմամբ էլ, «ԱրմենՏելի» խնդիրը դեռեւս հեռու է վերջնական հանգուցալուծումից, դրա շուրջ շարունակվելու են վեճեր բորբոքվել, ինչպես նաեւ չեն դադարելու եւ ամենայն հավանականությամբ նոր թափ են ստանալու քաղաքական շահարկումները:

ԱԺ ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ վերջին օրերին Քոչարյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքին միացել է եւս երեք պատգամավոր: Ըստ այդմ, Քոչարյանի պաշտոնանկության օգտին արդեն իսկ ստորագրել է 44 պատգամավոր: Այս թիվը բավարար է արտահերթ նիստ հրավիրելու համար:

Մյուս կողմից, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը «Իրավունք»-ում կրկին նշում է. այդքան ստորագրություն հավաքելը բավարար չէ, որ նախաձեռնություն ցուցաբերեն եւ հարցը դնեն քննարկման. «Հարցը օրակարգ մտցնելուց հետո ուղղակի ամեն ինչ կարվի, որպեսզի քվորում չապահովվի, եւ կատարված աշխատանքը, փաստորեն, անիմաստ կդառնա»:

«Մենք այս տարի էլ գտնելու ենք հարմար պահը եւ շարունակելու ենք... համապատասխան մթնոլորտի ձեւավորումը, հենքի ստեղծումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հեռանա իշխանությունից», - ավելացնում է Զեյնալյանը: - «Նրա մեկ օր շուտ հեռանալը խիստ կարեւոր է մեր երկրի համար: Նախագահի հետ կապված ամեն ինչը եթե սովորական ճանապարհով փոխանցվեց հաջորդ նախագահին, նա կշարունակի Քոչարյանի կատարածը, եւ մեր երկրի, ժողովրդի վիճակը նույնը կմնա, ուստի Քոչարյանը պետք է հեռացվի իշխանությունից, որպեսզի իր հետ տանի այդ ամենը»:

«Իրավունք» թերթը, որպես նախագահ Քոչարյանի հետագա հանգիստ կյանքը խաթարող երկու իրողություն, այսօր առանձնացրել է րոպեավճարի սահմանումը եւ Սահմանադրական շարժումը: Ըստ մեկնաբանի, Սահմանադրության հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի առնվազն մինչեւ նախագահական ընտրությունները: «Սա պայմանավորված է նրանով, որ եթե նախագահը պարտվի, ապա ընտրություններին կմոտենա բավականին թուլացած դիրքերով: Իսկ կեղծիքով հանրաքվե անցկացնելը կառաջացնի շատ մեծ աղմուկ... կհայտվեն մեծ քանակությամբ եւ ամենեւին էլ ոչ բարյացակամորեն տրամադրված միջազգային դիտորդներ»:

«Հայոց Աշխարհ» թերթը մտահոգված է, որ Սահմանադրության շուրջ կրքերի բորբոքումն ու շարժումները կհանգեցնեն Սահմանադրության վարկաբեկման: Թերթի ձեւակերպմամբ, «վեցյակի «խցկվելը» այլ բան չի նշանակում, քան պարտաստի առիթն օգտագործելով, հանդես գալ ընդդիմադիր դիրքերից եւ մեկնարկել նախընտրական պայքարը»:

Այսուհանդերձ, «Հայոց Աշխարհ»-ը հույս ունի, որ հաշվարկելով՝ իրենց նախագիծը խորհրդարանում չի անցնում, վեցյակը կփորձի համաձայնության եզրեր գտնել: «Այդ համաձայնության կայացումը իր հերթին առավելաբար պայմանավորված է յոթնյակի մոտեցմամբ, որը», - ընդգծված է այստեղ, - «կարծում ենք, կփորձի հաշվի առնել վեցյակի կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք միտված են նախագահի նախագծի բարելավմանը»:

Շաբաթաթերթ դարձած «Երկիր»-ը այս տարվա առաջին համարում հիմնականում անդրադառնում է սկսված, իր որակմամբ, «դաշինքացավին», ի մի բերելով, որ «այս պահին քաղաքական դաշտում իշխող տրամադրությունը շփոթն է, իսկ քաղաքական ուժերի միակ զբաղմունքը՝ մեկմեկու տրամադրությունների շոշափումը»:

Տարբեր քաղաքական ուժերի բերվող խոսքից առայժմ պարզ է դառնում, որ դեռեւս վաղ է համարվում խոսել կոնկրետ դաշնակիցների մասին: Առավել լավատեսական է հնչում մարզեր իր այցերը սկսած «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղաքական խորհրդի անդամ Արամ Մարտիրոսյանի ուրվագծումը «Առավոտ» թերթում, թե «ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտվել է եւ հիմա վերջիններիս հետ ակտիվ ու գործնական համագործակցություն է ընթանում: «Միաժամանակ Միավորման մեջ մտնելու հայտարարություններ են արել ԳիԱրՔՄի-ն եւ Կոմկուսի բյուրոն»:

«Այսօր Միավորման շրջանակներում Ռ.Քոչարյանի հրաժարականի պահանջն առկա է եւ հրատապ խնդիր է», - ուղղվածություն է փոխանցում Մարտիրոսյանը:

«Ժամանակ»-ը, որը եւս օրաթերթից վերածվել է շաբաթաթերթի, խմբագրականը նվիրել է հայոց բանակի ստեղծման 10-րդ տարեդարձին, գրելով. «Բանակում է այսօր կենտրոնացած մեր ժողովրդի կենսունակության ու բարոյական ոգու անձեռնմխելի պաշարը: Անձեռնմխելի, որովհետեւ քաղաքական կամ սոցիալական ցանկացած խմորման պարագայում էլ հայ սպան նույն նվիրվածությամբ, նույն անձնազոհությամբ, պատասխանատվության ահռելի բեռն ուսած՝ ծառայում է: Ով ինչ ասի, օտար ու ապազգային ինչ գաղափար էլ քարոզի հասարակության մեջ, հայ սպան ապրում է ազգային իղձերի իրականացման երազանքով: Նա մինչեւ ուղնուծուծը համակված է պետականության եւ ազգային գաղափարախոսությամբ... Բանակում այսօր մեր ժողովրդի ապագայի հանդեպ ավելի մեծ հավատ, ազգասիրություն ու նվիրում կա, քան հասարակության մեջ»,- ընդգծված է խնբագրականում: - «Պետության կայունությունը նրա անդադար ու անվրեպ գործունեության արդյունքն է... Այսօր բանակն է, որ պետությանն ու ժողովրդին կարող է տանել եւ կտանի դեպի վերջնական Հաղթանակ»:

Նույն կապակցությամբ, «Ժամանակ»-ը հրապարակել է Հանրապետական կուսակցության խորհրդի շնորհավորական նամակը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG