Մատչելիության հղումներ

Կառավարությունն ու «ԱրմենՏել»-ը համաձայնության են եկել րոպեավճարի հարցում


Չորեքշաբթի ուշ երեկոյան ստորագրվել է Կառավարություն - «ԱրմենՏել» բանակցությունների արդյունքներն արտացոլող փաստաթուղթը, ըստ որի, ի թիվս ձեռքբերված այլ համաձայնությունների, Հայաստանի թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների համար 2002 թվականի փետրվարի 1-ից կիրառվելու է րոպեավճար:

Բանակցություններում Հայաստանի կառավարությունը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է բանակցությունների ընթացքում րոպեավճարի խնդրի շուրջ ձեռքբերված համաձայնության բովանդականությունը: Բուռն քննարկումից հետո կառավարությունը միաձայն հավանություն է տվել այդ համաձայնությանը:

Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության որոշումը 2001 թվականի սեպտեմբերի 1-ից հանրապետությունում թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճար կիրառելու մասին խիստ դժգոհությամբ էր ընդունվել ինչպես հանրության, այնպես էլ կառավարության կողմից: Թեեւ րոպեավճարի կիրառումը նախատեսված է եղել պայմանագրով, հայկական կողմը պնդում էր, որ «ԱրմենՏել»-ը լրիվ չէր կատարել իր ներդրումային պարտավորությունները:

Երեկ ստորագրված համաձայնագիրը Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ 2001 թվականի նոյեմբերի 19-ին սկսված Կառավարություն - «ԱրմենՏել» բանակցությունների արդյունքն է:

Արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց փերվարի 1-ից կիրառվելիք րոպեավճարի կարգը: Ըստ այդմ՝ բնակիչների համար բաժանորդային վարձը մնում է ամսեկան 900 դրամ, ինչը հնարավորություն է տալիս բաժանորդին տվյալ ամսվա ընթացքում օգտվել 360 րոպե անվճար հեռախոսակապից: Հավելյալ յուրաքանչյուր րոպեի համար հարկ կլինի վճարել եւս 4 դրամ, իսկ Ինտերնետ կապից օգտվելու հավելյալ յուրաքանչյուր րոպեի դիմաց՝ 1 դրամ:

Առաջարկվելու է նաեւ այլընտրանքային տարբերակ. քաղաքացին կարող է ամիսը սկսվելուց հինգ օր առաջ վճարել 2400 դրամ՝ ներառյալ բաժանորդային վարձը եւ տվյալ ամսվա ընթացքում անսահմանափակ օգտվել հեռախոսակապից: Սա՝ 2002 թվականի համար: 2003 թվականին այդ գումարը կդառնա 3600 դրամ, իսկ 2004 թվականին՝ 4800 դրամ:

Իրավաբանական անձանց համար, Արա Սաղաթելյանի փոխանցմամբ, գործում է նույն կարգը՝ այն տարբերությամբ, որ այլընտրանքային տարբերակում մուծվող գումարի մեջ չի մտնում բաժանորդային վարձը, որը իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար կազմում է 2700 դրամ:

Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում «միանշանակորեն հաջող» գնահատեց բանակցությունների արդյունքները, ասելով, որ հաջողվել է լուծել հիմնական հարցերը:

Րոպեավճարը, այդուհանդերձ, ներդրվել է, սակայն ոչ թե 2001 թվականի սեպտեմբերի 1-ից, ինչպես հայտարարել էր «ԱրմենՏել»-ը, այլ 2002 թվականի փետրվարի 1-ից: Արդարադատության նախարարը հաջող բանակցությունների արդյունք է համարում այն, որ «այս ամիսների ընթացքում հաշվարկված րոպեավճարը չի վճարվելու եւ կիրառվելու է միմիայն փետրվարի 1-ից», ավելացել է բաժանորդային վճարի հաշվին հեռախոսակապից օգտվելու ժամանակը:

Հայաստանի կառավարությունը մի շարք պարտավորություններ է ստանձնել բանակցությունների արդյունքում, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող անկախ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ձեւավորվի մինչեւ 2003 թվականի հուլիսի 31-ը:

Ըստ բաժնետոմսերի վաճառքի մասին պայմանագրի, «ԱրմենՏել»-ը առաջին երկու տարվա ընթացքում պետք է կատարեր 100 մլն դոլարի ներդնում, եւս 100 մլն՝ հաջորդ երեք տարվա ընթացքում: Հաջորդ հինգ տարվա ընթացքում, արդեն ներդրողի հայեցողությանբ՝ էլի 100 մլն դոլար:

«Փոփոխությունները, ի տարբերություն բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի, հետեւյալն են, - ասաց Դավիթ Հարությունյանը: - «Երկրորդ 100 մլն դոլարի փաթեթը պետք է ներդրվի ոչ թե երեք տարվա ընթացքում, այլ՝ չորս: Ինչ վերաբերում է երրորդ փաթեթին... այնտեղ կրճատվում է ընդհանուր գումարը մինչեւ 65 միլիոն»:

Բանակցություններում չի քննարկվել վիճարկելի հարցը, թե արդյո՞ք «ԱրմենՏել»-ը լիովին կատարել է առաջին փաթեթով նախատեսված ներդրումները, ինչը կառավարության հիմնական հակափաստարկն էր ընդդեմ րոպեավճարի ներդրման, քանի որ, ինչպես ասաց արդարադատության նախարարը, «պարտավորությունը ոչ թե «ԱրմենՏել» ընկերությանն է, այլ OTE ընկերությանը»: Իսկ հունական այդ ընկերությունը, ըստ նախարարի, հրաժարվել է բանակցություներից:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG