Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալը կրկնում է, թե «սպանությունները բացառված էին»


«Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանը այսօրվա դատական նիստում էլ կրկնեց, թե նախնական ծրագրով եւ պայմանավորվածությամբ, կրակոցներ (այն էլ՝ դեպի օդ) պետք է արձակվեին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ սպանություններն ընդհանրապես բացառված էին:

Ինքը՝ Էդուարդ Գրիգորյանը որեւէ ծրագրի մշակման չի մասնակցել, նախաձեռնությամբ, առաջարկություններով կամ առարկություններով հանդես չի եկել: Բայց հավատացել է, որ Նաիրի Հունանյանը կարող է ստիպել Վազգեն Սարգսյանին հրաժարական տալ եւ երկիրը ճիշտ ուղիով տանել:

Գրիգորյանը այսօր պատասխանեց փաստաբան, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի բոլոր հարցերին: Իսկ մինչ այդ հրաժարվում էր հարցերին պատասխանել, որովհետեւ, ինչպես ասաց նրա շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը, իրենք սպասում էին, որ նախ դատարանում բոլոր ապացույցները ներկայացվեին եւ քննարկվեին, որպեսզի չստացվեր, թե ամբաստանյալը արդարանալու փորձեր է կատարում:

«Ինքը ցանկանում է որպեսզի արդարադատություն իրականացվի: Ինչ-որ մեկի ազդեցություն նրա վրա չկա... Էդիկ Գրիգորյանի վրա որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետ Աղաջանյանը, պնդելով, որ Նաիրի Հունանյանն էլ ազդեցություն չունի իր պաշտպանյալի վրա:

«Ճիշտ է, դատարանում ցույց չի տալիս, բայց այսօր շատ բացասական վերաբերմունք ունի Նաիրի Հունանյանի նկատմամբ», - իր պաշտպանյալի մասին ասաց փաստաբան Աղաջանյանը:

Իսկ Էդուարդ Գրիգորյանը, պատասխանելով Աշոտ Սարգսյանի հարցերին, ասաց. - «Վրդովմունքս անսահման է... ինձ ճանաչողները կպատկերացնեն իմ վիճակը: Բայց պատասխանատու պահ է... իմ դիրքորոշումը կլինի, երբ վերջնականապես համոզվեմ, որ այդ ամբողջը սկզբից պլանավորված էր այլ կերպ, իսկ ինձ մեկնաբանվել էր այլ կերպ»:

Իսկ Կարապետ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. «Կգա ժամանակը... Գրիգորյանը իրեն հուզող հարցերը կտա Նաիրի Հունանյանին»: Իսկ առայժմ Գրիգորյանը կասկածում է, բայց լիարժեք համոզված չէ, որ Նաիրի Հունանյանը նախապես այլ ծրագիր է ունեցել եւ խաբել է իրեն:

Ըստ նախնական պայմանավորվածության, Էդուարդ Գրիգորյանն ընդհանրապես Ազգային ժողովի շենք չպետք է մտներ: Նա գնացել է միայն ռադիոյով կրակոցներ լսելուց հետո, որովհետեւ մտածել է, թե իր ընկերներն են սպանվել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մեկ այլ նիստում՝ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով, որով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել նախագահ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին, այսօր հրապարակվեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը դատարանի հարցմանը պատասխանել է, թե տեղեկություններ չունի այն օտարերկրացու մասին, որը սեպտեմբերի 25-ին առաջինն է աղմուկ բարձրացրել սրճարաում եւ ասել, թե նախագահի թիկնապահները մարդ են սպանել:

Սակայն Պողոս Պողոսյանի եղբայրը, առանց ստացած տեղեկության աղբյուրը նշելու, դատարանին ներկայացրեց այդ անձնավորության անունը՝ Սթիվեն Նյուտոն, «Տասիս» ծրագրի աշխատակից Վանաձորի մասնաճյուղում: Անդրանիկ Պողոսյանը դատարանին տրամադրեց նաեւ Նյուտոնի հեռախոսահամարը եւ միջնորդեց դատարանին դիմել ԱԳՆ-ին, ինչպես նաեւ հարցում ուղարկել դեսպանատներին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG