Մատչելիության հղումներ

Խորհրդարանական Սահմանադրության կողմնակիցները սկսում են «Սահմանադրական շարժում»


Սահմանադրության խորհրդարանական նախագծի շուրջ համախմբված վեց կուսակցությունները՝ Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), «Հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) եւ «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) այսօր հայտարարեցին Սահմանադրական շարժում:

Երեւանի Կինոյի տանը հավաքված մոտ 300 մարդկանց նրանք ներկայացրին սահմանադրական իրենց նախագիծն ու Սահմանադրական շարժման նպատակները:

Դրանք են՝ ժողովրդին մասնակից դարձնել սահմանադրական գործընթացին, ապահովել ժողովրդի հակազդեցությունը նախագահի թելադրանքով առաջնորդվող պատգամավորների ու կուսակցությունների հանդեպ, հասնել այն բանին, որ հանրաքվեի դրվի նաեւ վեց կուսակցությունների առաջարկած Սահմանադրության նախագիծը:

Խորհրդարանական կառավարում առաջարկողների վերջնական նպատակը «իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է»:

ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, եթե նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ չլինի, որ իր նախագիծը կանցնի հարաքվեով, դրա անցկացումը կհետաձգի մինչեւ նախագահական ընտրություններ: «Որովհետեւ», - փաստարկեց Արամ Սարգսյանը, - «պարտված նախագահը շատ ավելի թույլ հնարավորություններ է ունենալու ապագա նախագահական ընտրություններում հաղթելու»:


ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը ասաց. «Համոզված եղեք, եթե սահմանադրական գործընթացը դիտավորյալ, ուժային միջոցներով, բռնի կերպով չտապալվի, ապա դա այն հարցն է, որին չի կարող դիմադրել որեւէ ուժ երկրի ներսում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ծանուցեց, որ կուսակցությունը բոլոր թույլատրված միջոցներով, «օրենքով սահմանված կարգով» ամեն կերպ պարտադրելու է Ազգային ժողովի պատգամավորներին քվեարկելու, որպեսզի երկու սահմանադրական նախագծերն էլ դրվեն հանրաքվեի:

Գործող Սահմանադրությունը որեւէ իրավական մեխանիզմ չի նախատեսում, որով ընտրողների ճնշման տակ ընտրովի մարմինները փոխեն իրենց կարծիքը: Սահմանադրական շարժման նախաձեռնողները, սակայն, համոզված են, թե կկարողանան սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակը պաշտպանող պատգամավորների ճամբարից անհրաժեշտ թվով ձայներ խլել:

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հետագայում հնարավո՞ր է արդյոք սահմանադրական շարժման վերաճումը նախընտրական դաշինքի, ասաց. «Այսօր մենք ունենք ավելի բարձր խնդիր, քան կոնկրետ այսօրվա ընտրությունները: Մենք փորձում ենք երկրի համար այնպիսի խաղի կանոններ հաստատել, որոնք կապահովեն երկրի զարգացումը»:

ՀԴԿ-ի նախագահը նույն հարցին ի պատասխան ասաց, որ նախընտրական դաշինք են ձեւավորելու գաղափարակից ուժերի հետ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG