Չորեքշաբթի օրը Երեւանում ստորագրվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ՝ համատեղ ֆինանսավորման հարաբերակցությունը անցյալ տարվա համեմատ չի փոխվել:
Հայաստանը ֆինանսավորում է սահմանապահ օպերատիվ խմբի պահպանման ծախսերի 57, Ռուսաստանը 43 տոկոսը: Ընդհանուր գումարը կազմում է տարեկան մոտավորապես 6.2 մլն դոլար: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկին:
Կոնստանտին Տոցկու եւ Հայաստանի ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանի համատեղ ասուլիսում Ռուսաստանի սահմանապահ ծառայության տնօրենը անդրադարձավ ԱՊՀ անդամ երկրներում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական ներկայության, ինչպես նաեւ նրանց ռազմական ուժերի, բազաների հնարավոր ծավալման խնդիրներին: Նրա խոսքերով, Ռուսաստանում նպատակահարմար եւ հիմնավորված չեն համարում Աֆղանստանի հակաահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական բազաների տեղակայումը Կենտրոնական Ասիայի երկներում:
Նա բացասաբար արտահայտվեց նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայման վերաբերյալ. «Ես պատճառներ չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն մոտենա Ռուսաստանի արեւմտյան սահմաններին»:
Կոնստանտին Տոցկին նշեց, որ Կովկասում, մասնավորապես, Հայաստանում Ռուսաստանը լուրջ հետաքրքրություններ ունի, շեշտելով երկու երկրների արտաքին քաղաքանության, տնտեսական, ռազմական համագործակցության ոլորտներում միասնական դիրքորոշում մշակելու անհրաժեշտությունը:
Մինչեւ 2006 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ռուսաստանի նախագահի կողմից հաստատված Դաշնային սահմանապահ ծառայության զարգացման պլանում Հայաստանի հատվածի համար լուրջ փոփոխություններ նախատեսված չեն: Կոնստանտին Տոցկին ասաց, որ Հայաստանում տեղակայված օպերատիվ խմբում կրճատումներ կամ համալրում չի լինելու, քանի որ սահմաններում իրավիճակը լիովին վերահսկվում է ՝բարձր գնահատելով այդ առումով հայ-ռուսական համագործակցությունը:
Փաստերը, սակայն, վկայում են, որ Հայաստանի պետական սահմանը խախտելու դեպքերը ավելացել են: Եթե 2000 թվականին բացահայտվել էր սահմանը խախտելու 29 դեպք, ապա 2001-ին՝ արդեն 81 դեպք:
Անդրադառնալով սրան, Կոնստանտին Տոցկին նախ ասաց, որ պատճառների ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, դա այդուհանդերձ, կապելով անլեգալ միգրացիայի աճի հետ, ինչը ներկայումս շատ երկրների է անհանգստացնում:
Իսկ Հայաստանի ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը այդ կապակցությամբ ասաց. ««Ես գտնում եմ, որ մենք սկսել ենք ավելի ակտիվ աշխատել, ավելի սերտ համագործակցել, եւ դրա համար սահմանախախտներին հաճախ ենք հայտնաբերում»:
Կոնստանտին Տոցկին նշեց, որ Հարավային Կովկասի երկրների տարածքով վարձկանները շարունակում են թափանցել Չեչնյա, հատուկ, սակայն, ընդգծելով. «Տվյալներ չունենք, որ գրոհայինները փորձում են անցնել, կամ զենք ու զինամթերք մատակարարել Հայաստանի տարածքով»:
Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության տնօրենը այսօր հանդիպումներ է նաեւ Հայաստանի վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ: Անդրանիկ Մարգարյանին Տոցկին շնորհակալություն է հայտնել սահմանապահ զորքերին 100 տոկոսով հատկացված ֆինանսավորման համար:
Հրաչ Մելքումյան, Երեւան