Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթը այսօր ներկայացնում է վերջերս Ղարաբաղ այցելած թուրք լրագրողներից մեկի հոդվածը «Հյուրիեթ» թերթից, որի առանցքում հետեւյալն է. անշունչ ու կիսամայի տարածք է լեռներում, ուր նույնիսկ լուսանկարելու արժանի բան չկա:

«Ադրբեջանցիների հեռացումից հետո Ղարաբաղը մկներով է լցվել, թերեւս սա միակ տեղեկությունն է, որը Ղարաբաղից վերադառնալով կարող եմ հաղորդել», - եզրափակել է թուրք լրագրողը, մինչ այդ էլ ընդգծելով. «Հիմնախնդրի պատճառով անտեղի վատնվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցություն ձեւավորելու եւ խաղաղություն հաստատելու միջոցով տարածաշրջանը բարեկեցիկ դարձնելու բոլոր հնարավորությունները:

Ազգային ժողովի «Ագրոարդյունաբերական-ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր շեշտադրել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է քայլեր ձեռնարկի փոխվստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ: Խոսքը առաջին հերթին վերաբերում է հակամարտության ուղղակի կողմերի՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահությանը... Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը ԼՂՀ իշխանությունների հետ հարաբերությունների առումով որեւէ ձեւով արդարացված չէ»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անհրաժեշտ է հասնել ազգամիջյան համընդհանուր հաշտեցման: Փոխադարձաբար իրար հետ պետք է հաշտվեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, Վրաստանը, Օսեթիան, Աբխազիան եւ Աջարիան, Ռուսաստանը՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ: «Միայն նման համընդհանուր հաշտեցման դեպքում է հնարավոր առանձին վերցված երկրների եւ ամբողջ տարածաշրջանի զարգացման հնարավորությունը», -ի մի է բերել նա «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում:

Գեղամյանի ընկալմամբ, Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Պերինայի հայտարարությունը, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը մոտ ապագայում չլուծվի, ապա աշխարհը կկորցնի հետաքրքրությունը այդ խնդրի նկատմամբ, հստակ ակնարկ է Ադրբեջանին, որ հետաքրքրությունը կորցնելու դեպքում այստեղ կարելի է հարցեր լուծել նաեւ պատերազմի միջոցով:

Անցնելով Հայաստանի ներքին իրավիճակին, Արտաշես Գեղամյանը հավաստում է, թե Արեւմուտքը այս անգամ ընտրությունների կեղծում թույլ չի տա, քանի որ գերտերությունների համար կարեւոր է, որ «իրենք գործ ունենան ժողովրդավարական ճանապարհով ընտրված լեգիտիմ իշխանությունների հետ, նման իշխանությունների հետ կարելի է պայմանավորվել չափազանց լուրջ հարցերի շուրջ, համոզված լինելով, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է իր ժողովրդին բացատրել այս կամ այն հարցի լուծման կարեւորությունը»:

Թղթակցի փոխանցմամբ, «Գեղամյանը հույս ունի, որ Ռոբերտ Քոչարյանը, գիտակցելով ստեղծված ներքաղաքական եւ աշխարհքաղաքական իրավիճակը, ինքը կնախաձեռնի արտահերթ նախագահական ընտրություններ», նաեւ՝ «թափանցիկ ակնարկում է, թե հրաժարական տալուց առաջ Քոչարյանը կարող է իրեն վարչապետ նշանակել եւ հոգալ, որ հանրապետության նախագահի պարտականություններն անցնեն իրեն: Այս դեպքում ինքը՝ Գեղամյանը, կլինի ազատ ընտրությունների երաշխավորը: Նա միաժամանակ կարող է երաշխավորել նաեւ գործող իշխանավորների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը՝ հրաժարականից հետո»:

Սպանված Պողոս Պողոսյանի այրին «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում իր դիտարկումներն է բերում՝ հաստատելու, որ ամուսնուն պարզապես վայրենաբար ջարդել են: «Իր ասելով՝ մեծ հույսով եւ հավատով տիկինը համակրում է Դաշնակցությանը եւ մտածում, որ եթե մի բան լինի, ապա կուսակցության շնորհիվ կլինի։ Պողոս Պողոսյանի համագյուղացիները նամակ են գրել ՀՅԴ-ին, մասնավորապես Վահան Հովհաննիսյանին, որում հայտնում են, թե իրենց միակ հույսը Դաշնակցությունն է եւ Վահան Հովհաննիսյանը... Դաշնակցությունն առայժմ լուրջ քայլերի չի դիմել, սակայն չի բացառվում, որ շարքերի ճնշման ներքո կուսակցությունն առավել հետեւողական դառնա», - ամփոփված է «Առավոտ»-ում։

Իսկ «Հայոց Աշխարհ» թերթը որոշակի քարոզչությանն ի պատասխան, թե մեզանում հիմա սարսափի մթնոլորտ է, ներկայացնում է 1993 թվականի մի պատում, թե ինչպես Վանո Սիրադեղյանի փեսան օրը ցերեկով Երեւանի կենտրոնում ավտոմատից գնդակոծեց իրեն դիտողություն արած ոստիկանին եւ պատասխանատվության չենթարկվեց:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը այսօր հրապարակել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը եւ եկամուտների հայտարարագրերի ձեւերը: «Այս տարի մենք կիմանանք, թե ինչ եկամուտներ ունեն մեր երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, մյուս պաշտոնատարները... Հայտարարագրողների մոտավոր թիվը պետեկամուտների նախարարության հաշվարկներով 10-12 հազար է, Հայաստանում 3-4 հազար պաշտոնյա կա, եթե ընդունենք, որ հայտարարատու են համարվում, ըստ օրենքի, նաեւ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք՝ ամուսինը (կինը), զավակները, այդ թիվը կարող է հասնել 10-12 հազարի»:

Հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ փետրվարի 1-ը, «բայց մեր աչքի ընկնող պաշտոնյաները դեռեւս չեն շտապում եկամուտները հայտարարագրել, հավանաբար հայտարարագրերը դեռեւս չեն հասել հասցեատերերին: Հասնելուց հետո գուցեեւ հերթեր լինեն նախարարությունում, ենթադրում են պետեկամուտների նախարարության աշխատակիցները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG