Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Շարունակելով տաք պահել կառավարության կազմում սպասվող փոփոխությունների թեման, «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է. «Կառավարության կուլիսներում քննարկվում են կադրային փոփոխությունների զանազան տարբերակներ: Դրանցից մեկի համաձայն, Զավեն Գեւորգյանի պաշտոնանկությունից հետո գյուղնախարարի պաշտոնում նշանակվելու է տարածքային կառավարման գործող նախարար Հովիկ Աբրահամյանը: Նրա փոխարեն տարածքային կառավարման նախարար է նշանակվելու արտադրական ենթակառուցվածքների նախարար Դավիթ Զադոյանը», իսկ այս նախարարությունը լուծարվելու է:

«Օրենքով գողերը». այսպես է «Առավոտ»-ի խմբագրականը բնորոշել շրջանառվող մեր բարձրաստիճաններին, որպես դրվագ այսօր ուշադրություն սեւեռելով, որ չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ համարյա ամեն օր ընթերցողների դատին են հանձնում ցածր աշխատավարձ, բայց բարձր պաշտոն ունեցող իշխանավորների շքեղ առանձնատների լուսանկարները, դրանցից եւ ոչ մեկը չհերքեց իր մասին հայտնված տեղեկատվությունը, առավել եւս՝ «ցանկություն չդրսեւորեց պատասխանելու, թե երբեք բիզնեսով չզբաղված համեստ պետծառայողները որտեղի՞ց են հայթայթել դղյակներ կառուցելու համար աստղաբաշխական գումարներ»։

«Ինչո՞ւ փորձել փրկել «բարի» անունը, երբ դրան չեն էլ հավակնում։ Մեզ մոտ գողանում են բացահայտ», - երեւույթի տրամաբանությանն է նայում «Առավոտ»-ը։ - «Մեր չինովնիկները թքած ունեն հասարակական կարծիքի վրա։ Նրանց համար կարեւորություն ունի միայն վերադասների կարծիքը, իսկ վերադասները, հավանաբար, մեծահոգաբար թույլ են տալիս՝ գողացեք, բայց կիսվելու չափը ճանաչեք»։

«Միասնական խորհրդարանական նախագիծ ներկայացրած «վեցյակը» անցել է պայքարի հաջորդ փուլին՝ սկսելով հանդիպումներ բնակչության հետ: Ինչպես ասել է ԱԺԿ-ի ղեկավար Շավարշ Քոչարյանը, «պատգամավորների մեծամասնության վրա նախագահի ճնշումը կարող է հավասարակշռվել միմիայն ժողովրդի կողմից»: «Իրավունք» թերթի վերլուծությամբ, սրանով «աստիճանաբար թափ է հավաքում այն գործընթացը, որը «վեցյակի» ներսում միջկուսակցական հարաբերությունները աստիճանաբար մոտեցնում է դաշինքային չափանիշներին: Դրան կամա թե ակամա նպաստում են իշխանամետները՝ կանխավ ընդունելի համարելով քարոզչության ու զանգվածային միջոցառումների միջոցով պայքարելու գործելակերպը: Դժվար չէ կանխատեսել, որ հետագայում այդ ջրբաժանը խորանալու է», - նշվում է «Իրավունք»-ում: - «Այսօրվա դրությամբ դեռեւս կա փոխադարձաբար ընդառաջ, թեկուզեւ փոքր քայլեր անելու հնարավորություն, ինչի ռեզերվը անհրաժեշտ է հնարավորինս օգտագործել, որպեսզի հանրաքվեի պահին ժողովրդի դատին ներկայացվողը լինի գոնե ինչ-որ չափով Ռոբերտ Քոչարյանի հագով կարածից տարբերվող նախագիծ, եւ կարիք չլինի դիմելու այնպիսի ծայրահեղ միջոցի, ինչպիսին է հանրաքվեի բոյկոտը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հագով կարած սահմանադրությունը ուժի մեջ թողնելը: Սակայն իշխանությունների գործելակերպը դրա համար քիչ հույսեր է թողնում. դեռեւս գերիշխող են «Մեր դեմ խաղ չկա» եւ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսները»:

«Իսկ ամենատագնապալին», - մեկնաբանի հավելմամբ, - «իշխանությունների միտումն է վերահսկողության տակ վերցնել լրատվական դաշտը եւ սահմանափակել խոսքի ազատությունը: Բանը հասել է նրան, որ գործադիրի ընդերքում լրջորեն քննարկվում են օրենսդրական նորմեր, որոնցով հնարավոր կլինի արգելել պաշտոնյաների ծաղրանկարները եւ նրանց վերաբերող քաղաքական հումորը», - ահազանգում է «Իրավունք»-ը:

«Հայաստանի կոմունիստ» թերթն էլ իր առաջին էջում կարեւորում է սահմանադրական շարժումը, սկսված հանրային քննարկումները իր ընթերցողներին մատուցելով այսպես. «Հանրապետության ներկայիս նախագահը, իրականացնելով Սահմանադրությամբ իրեն տրված անսահմանափակ իշխանություն եւ շարունակելով նախկին կառավարությունների սոցիալ-տնտեսական ապազգային քաղաքականությունը, ակնկալում է երկրորդ անգամ ընտրվել հանրապետության նախագահ՝ ցանկանալով նախապես ունենալ անսահմանափակ իշխանություն իրականացնելու նոր սահմանադրական լծակներ»: Ըստ «Հայաստանի կոմունիստ»-ի, Սահմանադրության նախագահական տարբերակի ընդունմամբ, երկրում կհաստատվի լիակատար բռնապետություն:

Լրանում է մեկ տարին, ինչ Հայաստանը մտել է Եվրախորհուրդ, եւ ինչպես «Գոլոս Արմենիի» թերթում է համադրված, ի տարբերություն Ադրբեջանի՝ հաջողությամբ է կատարում ստանձնած պարտավորությունները: Այս առումով մեկնաբանն ընդգծում է. «Ցավոք, քիչ լավատեսություն կա, սակայն, թե այդ հեղինակավոր կազմակերպությունում վերջապես կհասկանան Հայաստանի ու Սդրբեջանի հանդեպ մոտեցումներում հավասարություն դնելու անհեթեթությունը: Այս պատմությունը մեզ համար ուսուցողական պիտի լինի այն տեսակետից, որ հասկանանք. Եվրոպան կարող է բարեհաճ լինել, երբ դա իրեն շահեկան է, եւ խիստ ու պահանջկոտ, երբ դարձյալ իր շահերից է բխում: Ու ձգտելով ազդել մեր ներքաղաքական վիճակի վրա, միշտ կարող է օգտագործել մարդու իրավունքների դրույթը, մանավանդ՝ առիթների պակաս էլ չկա», - նշում է մեկնաբանը: -«Մեզ էլ չէր խանգարի մտահոգվել, որ անցած տարի այդպես էլ չեղան մեր շարքային քաղաքացիների համար զգալի իրական տեղաշարժեր մարդու իրավունքների ոլորտում»:

«Անհրաժե՞շտ է արդյոք, որ Հայաստանը քայլեր ձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման ուղղությամբ, թե՞ նախընտրելի է գործընթացի սառեցումը մինչեւ 2003 թվականի ընտրությունների ավարտը». խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների պատասխանը այս հարցին «Հայոց Աշխարհ» թերթը բերում է «Հայաստանը եւ ԼՂՀ-ն չեն զիջի» վերնագրի տակ: «Անկախ ամեն ինչից, Հայաստանը պետք է ձգտի, որ Ղարաբաղյան խնդիրը ստանա մեզ բավարարող լուծում: Այն ժամանակ, երբ դա հնարավոր կլինի. ընտրություններից առաջ, թե հետո՝ տարբերություն չկա», - ասում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

«Խնդրի սառեցումը չարյաց փոքրագույնն է: Այսօրվա փաստացի վիճակը համապատասխանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավական պահանջին», - հավաստում է ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը:

Կոմկուսից Գագիկ Թադեւոսյանի հայացքով էլ, «ստատուս-քվո-ի պահպանումը ձեռնտու է եւ' Ղարաբաղին, եւ' Հայաստանին: Փաստ է, որ ԼՂՀ-ն բավական հետաքրքիր եւ համառ քայլերով կարողանում է աստիճանաբար կայանալ իբրեւ պետություն»:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի ձեւակերպմամբ էլ՝ «Եթե կարգավորումը համապատասխանելու է մեր մոտեցումներին, ապա արագ լուծում գտնելու ջանքեր անհրաժեշտ են: Բայց եթե Ադրբեջանը շարունակելու է չընդառաջել համանախագահների, Հայաստանի ու ԼՂՀ-ի դիրքորոշմանը, ապա Հայաստանը չի կարող գնալ խնդրի կարգավորման արհեստական արագացման, ի հաշիվ իր սկզբունքներից հետ նահանջելու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG