Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնում, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի փարիզյան սկզբունքների հիման վրա


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակելու առիթով Ռոբերտ Քոչարյանին հղած ուղերձում հույս է հայտնել, որ 2002 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ փարիզյան հանդիպումների ընթացքում համաձայնեցված սկզբունքներին համապատասխան։

Նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը անցած տարվա գարնանը երկու անգամ հանդիպել էին Փարիզում նախքան Քի Ուեսթում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների միջնորդության բանակցությունները: Քիուեսթյան բանակցություններից հետո միջազգային միջնորդները հայտարարել էին, որ կողմերը երբեք այդքան մոտ չէին եղել հարցի լուծմանը: Սակայն այդ հույսերը չարդարացան. ամռանը Ժնեւում ծրագրված վճռորոշ հանդիպումը չկայացավ:

Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնատարները պնդում են, որ նախագահ Շիրակի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցրել էին ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզունքները: Ադրբեջանի ղեկավարությունը, սակայն, բազմիցս հերքել է «փարիզյան սկզբունքների գոյությունը:

Ռոբերտ Քոչարյանին հղված ուղերձում, ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ֆրանսիայի նախագահը հավաստում է. «Վստահ եղեք մեր ներգրավվածության շարունակականության եւ տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված վճռականության մեջ, ինչը տարածաշրջանում բարգավաճման միակ երաշխավորն է»։

Ուղերձում ժակ Շիրակը իր գոհունակությունն է հայտնում «2001 թվականի ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմանիության եւ հարստության կապակցությամբ»։

«Լիահույս եմ, որ 2002 թվականը բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները», - նախագահ Քոչարյանին ուղղված ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահը։


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG