Մատչելիության հղումներ

Ավետարանական եկեղեցու առաջնորդը «անբավարար» է համարում խղճի ազատության վիճակը Հայաստանում





Հայաստանի ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռենե Լեւոնյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում խղճի ազատության վիճակը մեր հանրապետությունում ասաց. «Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ կա, բայց բավարար չափով՝ ոչ»:

Հայաստանում, մոտավոր հաշվարկներով, պատմական 3 եկեղեցիների հավատացյալների 90 տոկոսը դավանում է հայ առաքելական եկեղեցուն, 10 տոկոսը ավետարանական եւ կաթողիկե եկեղեցիներին: Ռենե Լեւոնյանի խոսքերով, Ավետարանական եկեղեցու արարողություններին մասնակցում է մոտ 20-30 հազար մարդ:

1995 թվականի ապրիլին, բացի հայ առաքելական եկեղեցուց, մնացած եկեղեցական բոլոր ուղղությունների դեմ հալածանքեր, բռնություններ, ճնշումներ եղան: Ռենե Լեւոնյանի խոսքերով, բռնությունները կազմակերպվել էին պետական ու եկեղեցական մակարդակով: «Փառք Աստծո, այսօր քիչ են այդպիսի դեպքերը», - ասաց Լեւոնյանը:

Կրոնական մյուս ուղղութունների հանդեպ վերապատվելի Լեւոնյանը ազատամիտ դիրքորոշում ունի: «Խղճի եւ մարդու ազատությունը կամ պետք է ընդունենք, կամ չընդունենք». - ասաց նա:

Ռենե Լեւոնյանի խոսքերով, աղանդավորականության դեմ պայքարը Հայաստանում «պսիխոզի է նմանվում»: Ամենացայտուն օրինակը Եհովայի վկաներն են: Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից միայն նրանք չեն գրանցված:

Ռենե Լեւոնյանը դա մեծ խոչընդոտ չի համարում նրանց գործունեության համար: «Եհովայի վկանները գրանցված չեն, սակայն դա ոչինչ չի փոխում: Տասը տարի առաջ հարյուր անդամ ունեին, այսօր՝ տասնվեց հազար: Դա նշանակում է, որ Հայաստանում, անկախ գրանցված-չգրանցված լինելուց, կարելի է ազատ գործել», - ասաց նա:

Նրա կարծիքով, պետական մարմիները, պատմական եկեղեցիները աղանդավորական շարժումների, մանավանդ Եհովայի վկաների հանդեպ սխալ վարվեցին:

«Որովհետեւ իրավունք չունենք բռնությամբ որեւէ գործ անել մեր հայրենիքի մեջ», - ասաց նա: - «Հալածելը ցույց է տալիս, որ պետությունը թույլ է: Հալածելը ցույց է տալիս, որ եկեղեցին թույլ է»:

Ավետարանական եկեղեցու առաջնորդը համաձայն չէ այն տեսակետին, թե մարդիկ հետեւում են աղանդավորական շարժումներին, որովհետեւ սոված են ու սոցիալապես անապահով:

«Ես ժխտում եմ նման մոտեցումը: Ընդունում եմ, որ մի քանի տոկոսը մեր քաղաքացիների գնում են այդ պատճառներով: Բայց ընդհանրապես, մենք պետք է ընդունենք շատ կարեւոր մի բան՝ ժողովուրդն ունի հոգեւոր կարիքներ»:

«Եվ այդ կարիքները բավարարելու համար եթե դու չես մոտենում ժողովրդին, կգնա ուրիշների հետեւից», - ասաց նա, բերելով մի քանի տարի առաջ Եղեգնաձորի շրջանում մի ամբողջ գյուղի կրիշնայական դառնալու օրինակը: Գյուղի բնակիչներն ասել էին, որ իրենք հավատքից կտրված են եղել տասնամյակներ շարունակ, իսկ կրիշնայականներն առաջինն էին, որ եկել էին այդտեղ:

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է 1991 թվականի կեսերին, երբ Հայաստանը դեռեւս անկախացած չէր: Հայաստանի ավետարանական եկեղեցու առաջնորդի խոսքերով, ընդհանուր առմամբ օրենքը լավն է, բայց մի շարք փոփոխությունների կարիք ունի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG