Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը նախատեսում է ավելացնել ԱՊՀ ամենաաղքատ երկրներին հատկացվող վարկերը


Ժնեւ («Ռոյթեր» գործակալություն). - Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ուրբաթ օրը կոչ է արել ավելացնել չքավորությունից, պարտքերից ու կոռուպցիայից սասանվող Հայաստանին եւ Անկախ պետությունների համագործակցության վեց այլ երկրներին հատկացվող միջազգային վարկավորումը՝ տարածաշրջանային անկայունությունը կանխելու նպատակով:

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով Համաշխարհային բանկի փոխնախագահ Յոհաննես Լիննը ասել է, որ դոնոր երկրները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաջորդ ամսվա ընթացքում հանդիպելու են Լոնդոնում՝ մշակելու ցածր եկամուտներ ունեցող այդ յոթ երկրներին օգնելու գործողությունների ծրագիր:

Ըստ գերմանացի տնտեսագետի, տարածաշրջանի «ամենամեծ ռիսկերը» գալիս են Տաջիկստանից, Ղըրղզստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից եւ Մոլդովայից:

«Միջազգային հանրությունը այդ երկրների հետ միասին մեծ խնդիր ունեն՝ փորձել կանխել այդ երկրների երկարաժամկետ ծուղակի մեջ ընկնելը, ինչպես նաեւ անկայունության տեւական սպառնալիքը հյուսիսի եւ հարավի, արեւելքի ու արեւմուտքի միջեւ ընկած այդ առանցքային տարածաշրջանում», - լրագրողներին ասել է Յոհաննես Լիննը:

Համաշխարհային բանկը ծրագրում է այս տարի յոթ երկրներին տրվելիք վարկերն ավելացնել մինչեւ 420 մլն դոլար, անցած ֆիսկալ տարվա 337 միլիոնի համեմատ: Գրեթե բոլոր վարկերը տրվում են արտոնյալ պայմաններով՝ Միջազգային զարգացման ընկերակցության միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG