Մատչելիության հղումներ

ԼՂՀ արտգործնախարարը առանցքային է համարում վստահության վերականգնումը


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ շեշտեց հակամարտ կողմերի միջեւ վստահության վերականգնման անհրաժեշտությունը, նշելով որ, իր ունեցած տեղեկություններով, հենց դրան ուղղված միջոցառումների իրականացման հարցերն են այժմ քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Իսկ առանց այդ հանգամանքի լուրջ խոսել որեւէ կարգավորման մասին անհնարին է: Սա է մեր ակնկալիքը այդ այցելությունից», - ասաց Նաիրա Մելքումյանը, տեղեկացնելով նաեւ, որ միջազգային միջնորդների հերթական այցը տարածաշրջան սպավում է փետրվար-մարտ ամիսներին:

Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Փերինայի այն հայտարարությանը, թե կարգավորման հնարավորությունների պատուհանը կարող է փակվել, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը չբացառեց, որ բանակցային գործնթացում կարող են կտրուկ փոփոխություններ լինել:

«Գուցե այդ տարի հնարավորություն կա ինչ-որ կտրուկ փոփոխություններ կատարել այս կարգավորման ընթացքում», - ասաց Նաիրա Մելքումյանը, հնչեցնելով մոտավորապես նույն միտքը, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան՝ միջազգային հանրության ուշադրությունը կարող է շեղվել Լեռնային Ղարաբաղի խնդրից:

«Մեր կողմից մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամենակարճ ժամկետներում նպաստենք այս խնդրի կարգավորմանը», - հավաստիացրեց Մելքումյանը միաժամանակ ավելացնելով. - «Ակնհայտ է, որ մենք չենք կարող գնալ որեւէ քայլերի, որոնց հետեւանքով կարող է վտանգվել մեր ազգային անվտանգությունը»:

Արտգործնախարարի խոսքերով, հիմնական սկզբունքը միջազգային միջնորդների կողմից ընդունված է: Այն է՝ «Պետք է գտնվի այնպիսի լուծում, որը բավարարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջները: Այս սկզբունքը մնում է օրակարգում եւ հենց այդ համատեքստում էլ պետք է լուծվի այս խնդիրը»:

Նաիրա Մելքումյանը ընդգծեց, որ միջազգային միջնորդները եւս նշել են հանգամանքը, որ առաջին հերթին պետք է բավարարվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջը: «Այս առումով, սա, իմ կարծիքով, շատ կարեւոր ազդանշան է, որը ուղարկվում է ադրբեջանական կողմին», - ասաց նա:

Արտգործնախարարի տեսակետով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարեւորագույնն է տարածաշրջանում, եւ եթե այն արդարացի լուծվի, առաջին հերթին բավարարելով հակամարտության հիմական տուժող կողմին՝ Ղարաբաղի ժողովրդին, ապա իսկապես կվերացվի նաեւ տարածաշրջանի անկայանության գործոնը:

Առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Ղարաբաղի արտգործնախարարը նախապատրաստական գործընթաց է համարում:

«Դրանք պետք է վերածվեն լիարժեք բանակցությունների՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, իսկ այդ կողմերը երեքն են»,- ասաց Նաիրա Մելքումյանը, ընգծելով, որ ցանկացած համաձայնագիր, որի տակ չլինի Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը, ղարաբաղյան կողմի համար որեւէ իրավական ուժ չի կարող ունենալ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG