Մատչելիության հղումներ

«Կրեդիտ-Երեւան» բանկի ավանդատուները շարունակում են բողոքել


«Կրեդիտ-Երեւան» բանկի մոտ այսօր հավաքված մոտ 200 ավանդատուները իրենց խիստ դժգոհությունն էին արտահայտում ժամանակավոր ադմինիստրացիայի կայացրած որոշման կապակցությամբ:

Տարեվեջին սնանկացման եզրին հայտնված «Կրեդիտ-Երեւան» բանկի ժամանակավոր ադմինիստրացիան, որը նշանակված էր Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, ընդունել է որոշում, ըստ որի այն ավանդատուները, ովքեր բանկում պահ են տվել մինչեւ 1000 դոլար, կարող են ամբողջությամբ հետ ստանալ իրենց գումարները՝ ներառյալ տոկոսները, եթե պայմանագրի ժամկետն արդեն լրացած է:

1000-5000 դոլար ավանդ ունեցողներին բանկը առաջարկում է պարտավորության ժամկետը լրանալուց հետո բանկի հետ կնքել նոր ավանդային պայմանագիր՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրությաքով եւ տոկոսների ամենամսյա վճարումով: 5000-10000 առաջարկվում է նոր ավանդային պայմանագիրը կնքել տարեկան 7 տոկոսով: 10000-20000 հազարի դեպքում՝ 6 տոկոսով:

Ավանդատուները այս պայմաններն ավելի շուտ պարտադրված են ընդունել: Սակայն սա չարյաց փոքրագույնն է նրանց համար, ում պայմանագրի ժամկետը լրացած է, իսկ մյուսները, փաստորեն պետք է սպասեն մինչեւ պայմանագրերի ժամկետների լրանալը առանց որեւէ փոխհատուցման:

Վերջին երկու տարիներին բանկի գործադիր տնօրեն Ֆռունզե Սարոյանն այսօր ժամանակավոր ադմինիստրացիայի անդամն է: Նա համարում է, որ Կենտրոնական բանկի մշակած առողջացման ծրագիրը լավագույնն է այս պահի համար: «Ես կարծում եմ, որ մեկ տարվա մեջ այս բոլոր հարցերը կլուծվեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆրունզե Սարոյանը:

Իսկ «Կրեդիտ-Երեւան» բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Հակոբ Մալխասյանի խոսքերով, Կենտրոնական բանկի ընդունած որոշման տրամաբանությունն այն է, որ եղած միջոցներով հնարավորինս շատ ավանդատուների պահանջները բավարարվեն, ավելացնելով, այդուհանդերձ, որ բոլորը միանգամից գոհ հեռանալ չեն կարող:

Բանկի այսօրվա վիճակը Հակոբ Մալխասյանը բացատրում է սխալ կառավարմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, «Կրեդիտ-Երեւան» բանկի նախկին սեփականատեր Մարտին Հովհաննիսյանը հավաքված ֆինանսական միջոցներով վարկավորել է իր իսկ բիզնեսը՝ երկարաժամկետ ներդրումներով: Մոսկվայում բնակվող Լյովա Հայրապետյանին պատկանող «Մարկոս Գրուպ» ֆինանսաարդյունաբերական հոլդինգի հայաստանյան մասնաճյուղի՝ «Մարկոս Գրուպ-Արմենիա»-յի մեջ մտնող բանկում անցած տարեվերջին նշանակվեց արտաքին կառավարում եւ մշակվեց առողջացման ծրագիր:

Երկուշաբթի օրը «Մարկոս Գրուպ-Արմենիա»-յի 17 ձեռնարկությունների տնօրենների եւ մոսկովյան ղեկավարների խորհրդակցության դռնփակ նիստում, ամենայն հավանականությամբ, քննարկվել է նաեւ «Կրեդիտ-Երեւան» բանկի առողջացման խնդիրը։


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG