Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը ընդունեց թուրք լրագրողներին


Երեւանի մամուլի ակումբի հրավերով երեկ չորսօրյա այցով Երեւան են ժամանել թուրքական «Հյուրիեթ», «Ջումհուրիեթ», «Թըրքիշ դեյլի նյուզ» թերթերի եւ «Թյուրք հաբար» լրատվական գործակալության լրագրողները: Այսօր լրագրողները մեկնեցին Ստեփանակերտ, ուր նրանց ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը հարկ է շարունակել բոլոր կողմերի ակտիվ մասնակցությամբ:

«Որքան Ղարավաղը շուտ եւ լիարժեքորեն ընդգրկվի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, այնքան կարագանա հիմնախնդրի լուծումը», - ասել է Արկադի Ղուկասյանը:

Երկուշաբթի օրը պատվիրակության անդամները Երեւանում հանդիպումներ են ունենալու Ազգային ժողովում եւ արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանի նախագահի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն նույնպես եղել է: Խնդրանքը, սակայն, մերժվել է այն հիմնավորմամբ, որ թուրքական լրատվամիջոցները Հայաստանի հանրապետության նախագահի հետ ունեցած յուրաքանչյուր հարցազրույցը աղավաղված են վերաշարադրել իրենց մամուլի էջերում:

Նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանի վկայությամբ, այդպես է եղել «Հուրիեթ», «Միլիեթ» թերթերի լրագրողների եւ CNN-ի թուրք թղթակցի անցկացրած հարցազրույցներից հետո: Եվ հայկական կողմն ամեն անգամ ստիպված է եղել Ռոբերտ Քոչարյանի իրական պատասխանները նորից տարածել տարբեր լրատվամիջոցներով:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG